ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ Տեոն (Յուրի Վաշուկ ) երաժշտական «Եվրատեսիլ» մրցույթում այս տարի կներկայացնի Բելառուսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելառուսի ազգային ընտրությունը տեղի է ունեցել հունվարի 10-ի երեկոյան բելառուսական հեռուստատեսության ուղիղ եթերում: Հաղթողին որոշել են ժյուրիի և հեռուստալսարանի գնահատականներով: Հեռուստադիտողները հնարավորություն են ունեցել ձայն տալ իրենց դուր եկած մասնակցին հեռախոսազնգի և SMS-ի միջոցով:
Բելառուսը մրցույթում ներկայացնելու համար պայքարել է 14 կատարող:
2013-ին Բելառուսի ներկայացուցիչ Ալենա Լանսկայան «Եվրատեսիլին» գրավել էր 16-րդ հորիզոնականը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դրանից հետո նշել էր, որ մրցույթը քաղաքականացված է և կեղծված:
«Եվրատեսիլ 2014»59-րդ ամենամյա մրցույթը տեղի է ունենալու Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում: Երրորդ անգամ է, ինչ մրցույթը անցկացվելու է Դանիայում, վերջինը` 2001 թվականին էր:Մրցույթի կիսաեզրափակիչները նախանշված են մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին:Մրցույթին մասնակցելու են մոտ 3 տասնյակ երկրներ: 12 երկիր հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթին, պարզաբանելով դա ոչ միայն ֆիննասական խնդիրներով, այլ մրցույթի հանդեպ հետաքրքրության նվազմամբ: