ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի բեմադրիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Արմեն Մազմանյանը մեծ ներդրում ունեցավ հայ թատերարվեստի զարգացման գործում իր նորարարական մոտեցումներով: Հմուտ կազմակերպչի նրա կարողությունները լավագույնս դրսևորվեցին «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնը և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ղեկավարելիս: Իր հախուռն բնավորությամբ նա անմասն չմնաց ո՛չ հայրենիքի պաշտպանության գործին, ո՛չ էլ Հայաստանում տեղի ունեցող հասարակական գործընթացներին:
Անժամանակ կորստի այս ծանր պահին իմ վշտակցությունն եմ հայտնում Արմեն Մազմանյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին և մերձավորներին»: