Երևանյան բեսթսելլեր

Երևանյան բեսթսելեր 47. Վարդան Օսկանյանի և Հուսիկ Արայի նոր գրքերը հայտնվել են վարկանիշային աղյուսակում

6 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 47. Վարդան Օսկանյանի և Հուսիկ Արայի նոր գրքերը հայտնվել են վարկանիշային աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էֆրանսիացի արձակագիր ու թատերագիր Ալբեր Քամյուի «Ժանտախտը» վեպը: Այն ներկայացնում է նացիզմի և ֆաշիզմի հակասությունները:

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Անկախության ճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները» հուշագրությունների գիրքն այս շաբաթ տեղ է գտել «Երևանյան բեսթսելերի» ցանկում և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Արտաքին գործերի նախարարությունում աշխատելու տարիների իրադարձություններից բացի, հեղինակը դրվագներ է ներկայացնում իր կենսագրությունից և անցած ճանապարհից:

Ցանկ է վերադարձել ֆրանսիացի գրողԱնտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»ստեղծագործությունը` զբաղեցնելով երրորդ տեղը: Այն արդեն մի քանի շաբաթ տեղ չէր գտնում գործակալության վարկանիշային աղյուսակում: Գիրքը հրատարակվել է 1943 թ-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունը: Այն տպագրել է «Անտարես» հրատարակչությունը: Ստեղծագործությունը թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:

Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի ժամանակակից գրողՊաուլո Կոելյոյի`համաշխարհային բեսթսելեր դարձած «Ալքիմիկոսը» վեպը, որը շարունակում է մեծ հետաքրքրություն վայելել հայ ընթերցողների շրջանում: Գիրքն արդեն մի քանի շաբաթ վաճառվում է նոր`«Բուկինիստ» հրատարակչության տարբերակով: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է:

Սրան հաջորդում է կոլումբացի գրողԳաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»վիպակը: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` հաճախակի հայտնվելով բեսթսելերի շարքում:

Մարկեսի մեկ այլ` մեկ գրքում ընդգրկված «100 տարվա մենություն» և «Նահապետի աշունը»ստեղծագործությունները ևս ամենավաճառված գրքերի ցանկում են` զբաղեցնելով 6-դ հորիզոնականը:

Անգլիացի գրողՋորջ Օրուելի «1984»վեպն այս անգամ յոթերորդ հորիզոնականում է: Այն ընդգրկված է «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում: Գիրքը մինչ օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում: Առաջին հրատարակությունից 64 տարի անց «1984»-ը վերջապես լույս է տեսել նաև հայերեն՝ Աստղիկ Աթաբեկյանի`բնագրից կատարած թարգմանությամբ:

Ութերորդ հորիզոնականումամերիկյան գրող Հենրի Միլլերի` փարիզյան կյանքի մասին պատմող և ժամանակին արգելված գրականության շարքը դասված «Խեցգետնի արևադարձը» ստեղծագործությունն է:Վեպն «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարի առաջին գիրքն է: Այն ժամանակին արգելված էր անպարկեշտ բառապաշարի համար:

Վարկանիշային աղյուսակում առաջին անգամ ընդգրկվել է Խուլիո Կորտասարի«Պատմվածքներ» ժողովածուն: Կորտասարը համարվում է մեր ժամանակների ինքնատիպ, նորարար գրողներից մեկը: Իր յուրահատուկ ոճի և հերոսների ընտրության շնորհիվ Կորտասարին համարում են սյուրռեալիստ գրող:

«Երևանյան բեսթսելեր»-ը եզրափակում է Հուսիկ Արայի` օրերս լույս տեսած «Ազատության հրապարակ» գիրքը, որը նվիրված է Արցախյան շարժման 25-ամյակին: Գրքում տեղ են գտել ամենատարբեր ժանրերի արձակ և չափածո գործերը:

Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական և ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +4

Ալբեր Քամյու

«Ժանտախտը»

Ապոլոն 20
2 նոր

Վարդան Օսկանյան

«Անկախության ճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները»

Անտարես 19
3 +2

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 14
4 -1

Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Բուկինիստ 13
5 -4

Գաբրիել Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 12
6 *

Գաբրիել ԳարսիաՄարկես

«100 տարվա մենություն» և «Նահապետի աշունը»

Նորք 8
7 +1

Ջորջ Օրուելի

«1984»

Անտարես 7
8 *

Հենրի Միլլեր

«Խեցգետնի արևադարձը»

Անտարես 5
9 նոր

Խուլիո Կորտասար

«Պատմվածքներ»

Անտարես 4
10 նոր

Հուսիկ Արա

«Ազատության հրապարակ»

Անտարես 4

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում