Արամ Խաչատրյանի հոբելյանը մեծ հետաքրքրություն է առաջացրել նրա տուն-թանգարանի նկատմամբ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանի շնորհիվ հայաստանաբնակների և զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացել արվեստագետի անունը կրող տուն-թանգարանի նկատմամբ: Այս տարի մշակութային օջախ է այցելել 20 հազար մարդ: Նախորդ տարի այցելուների թիվը համեմատաբար ավելի պակաս էր. ընդհանուր թիվը հասնում էր 14 հազարի:
Տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, ամփոփելով տարին, նշեց, որ այն հագեցած էր մշակութային բազմապիսի միջոցառումներով:
«Այս տարի մեր ավանդական միջոցառումներին ավելացան նաև Խաչատրյանի հոբելյանին նվիրված երեկոներ, կազմակերպվեց նաև միջազգային գիտաժողով: Ունեցանք բազմաթիվ հյուրեր արտերկրից: Թանգարան այցելեց նաև Արամ Իլյիչի սաներից մեկը` Գեորգի Պելեցիսը, ով մեզ պատմեց Խաչատրյանի մասին իր հիշողությունները: Բացի դրանից, թանգարանում հանդես եկավ նաև Խաչատրյանի անվան տրիոն. առաջին անգամ կատարվեցին կոմպոզիտորի մի քանի ստեղծագործություններ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արմինե Գրիգորյանը:
«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում ևս նշվել է կոմպոզիտորի հոբելյանը: Թանգարանում ներկայացվել են Խաչատրյանի երաժշտությամբ մի քանի հայտնի ֆիլմեր, այդ թվում նաև լեգենդար «Պեպո»-ն: Ստեղծվեց նաև Խաչատրյանի` տարբեր տարիների լուսանկարներն ամփոփող ալբոմ:
«Հոբելյանական միջոցառումների շրջանակում նախորդ ամիս ստեղծվեց նաև «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տուն-թանգարանում» նախագիծը: Գաղափարն առաջացավ ինձ մոտ, իսկ հոբելյանական տարին լավ առիթ էր այն իրականացնելու համար: Ամսվա ամեն առաջին հինգշաբթի օրը նախատեսված է թանգարանում դասական երաժշտության համերգ կազմակերպել: Նոյեմբերի 7-ին անկացվեց առաջին «Երաժշտական հինգշաբթին», որի «Աշնան երգ» համերգային ծրագրի ընթացքում ելույթ ունեցանք ես և Աննա Մայիլյանը: Հնչեցին հայ կոմպոզիտորների վոկալ և դաշնամուրային ստեղծագործությունները: Երկրորդ համերգն անցկացվեց դեկտեմբերի 5-ին, ելույթ ունեցավ «Հովեր» երգչախմբի օկտետը, որը կատարեց հոգևոր և աշխարհիկ երաժշտություն: Հենց այս ծրագրով էլ «Հովեր»-ը կմեկնի Ֆրանսիա` շրջագայությունների: Համերգի ընդմիջման ժամանակ հանդիսատեսը հնարավորություն է ունենում դիտել տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը, Խաչատրյանի մասին ֆիլմեր, ծանոթանում է մշակութային օջախի նմուշների հետ: Երաժշտական հինգշաբթիները շարունակական բնույթ կկրեն »,- հավելեց Արմինե Գրիգորյանը:
Տուն-թանգարանի տնօրենը հավաստիացրեց, որ կոմպոզիտորի հոբելյանին նվիրած միջոցառումները շարունակվելու են նաև հաջորդ տարի, իսկ թանգարանը հանդես է գալու նոր և հետաքրքիր ծրագրերով:
ԱնվանիկոմպոզիտորԱրամԽաչատրյանիտուն-թանգարանը հիմնվել է 1978 թ.: 1984 թ. հունվարի 23-ին բացվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը: