1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը Նոր Տարին կդիմավորի Դոմինիկյան Հանրապետությունում:
«Սկզբում մեկնելու եմ Ամստերդամ: Այնտեղ են ապրում ընտանիքիս անդամները: Այնուհետ բոլորս միասին մեկնելու ենք Դոմինիկյան Հանրապետություն: Այնտեղ կդիմավորենք Նոր Տարին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օզբիլիսի խոսքերը փոխանցում է Sovsport-ը:
Կայքի այն հարցին, թե որն է նրա հայրենիքը, Օզբիլիսը պատասխանել է կարճ և հստակ. «Իհարկե, Հայաստանը»: «Այո, մինչև հավաքական հրավիրվելը ես չեմ եղել Հայաստանում: Դա նրանից է, որ ընտանիքս ապրում է Նիդեռլանդներում: Եթե անգամ ցանկություն էլ եղել է մեկնելու, պարզապես չի ստացվել»,- ավելացրել է ֆուտբոլիստը:
Արազ Օզբիլիսը «Այաքս»-ի մարզադպրոցի սան է: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական հրավիրվեց 2012 թվականին: Իսկ 2012-ից խաղում է նաև «Սպարտակ»-ում: