Միջազգային

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը ժամանում է Կիեւ՝ «թուլացնելու լարվածությունը»

6 րոպեի ընթերցում

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը ժամանում է Կիեւ՝ «թուլացնելու լարվածությունը»

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյոռն Յագլանդը ուղեւորվում է Ուկրաինա, որպեսզի օգնի կարգավորել երկխոսությունը երկրում լարվածությունը թուլացնելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Եվրախորհրդում «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են, որ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի առաջարկած օգնությունն ստացել է շահագրգիռ բոլոր կողմերի դրական պատասխանը:

Սպասվում է, որ այցի ընթացքում, որը կկայանա դեկտեմբերի 4-ին, Յագլանդը հանդիպում կունենա վարչապետ Նիկոլայ Ազարովի, արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարայի, քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ:

Դեկտեմբերի 5-6-ը Կիեւում տեղի է ունենալու ԵԱՀԿ-ի երկրների ԱԳ նախարարների նիստը:

Մինչ այդ Ղրիմից ավտոբուսներով Կիեւ են մեկնել ՆԳ նախարարության ներքին զորքերի մարտիկները, որոնք պետք է օգնեն հասարակական կարգն ապահովելու գործում: Այդ մասին ՈՒՆԻԱՆ ուկրաինական գործակալությանը հայտնել է ՆԳՆ ներքին զորքերի Ղրիմի տարածքային հրամանատարության վարչության պետ Նիկոլայ Բալանը:

«Խնդիր է դրված պահպանել հասարակական կարգը, այդ թվում՝ զանգվածային միջոցառումների անցկացման ընթացքում»,- ասել է նա:

Կիեւի դատախազությունում ՈՒՆԻԱՆ-ին հայտնել են, որ ձերբակալվել են Կիեւում Ուկրաինայի նախագահի վարչակազմի մոտ անկարգությունների կազմակերպման մեջ կասկածվող ինը հոգու: Ձերբակալման մասին որոշումը կայացվել է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի «զանգվածային անկարգություններ» հոդվածով:

Ինը մարդ կալանավորվել էր կիրակի օրը նախագահի վարչակազմի շենքի վրա գրոհելու փորձերի կապակցությամբ:

Ուկրաինայի կառավարող Տարածաշրջանների կուսակցությունը ընդդիմությանը մեղադրել է երկրում իրադարձությունների զարգացման ուժային սցենար պատրաստելու մեջ՝ նպատակ ունենալով իշխանության զավթումը:

Իշխող կուսակցությունը գլխավոր դատախազությունից պահանջել է իրավական գնահատական տալ վարչական շենքերի գրավման փաստերին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների գործողություններին, որոնք կարելի է որակել որպես ոտնձգություն պետության տարածքային ամբողջականության դեմ, միջռեգիոնալ թշնամանքի բորբոքում, իշխանության կենտրոնական մարմինների որոշումների սաբոտաժ:

Տարածաշրջանների կուսակցությունը նաեւ հայտարարել է, որ կհամախմբի իր բոլոր կողմնակիցներին իշխանության մարմինների աշխատանքն ապահովելու համար, որն արգելափակվում է Կիեում բողոքի ակցիաների մասնակիցների կողմից:

Մինչդեռ ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարները նախօրյակին դատապարտել են Ուկրաինայում ուժի չափից ավելի օգտագործումը եւ կոչ են արել կողմերին ձեռնպահ մնալ բռնություններից եւ երկխոսություն սկսել: Այդ մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է դաշինքի նախարարական հանդիպումից հետո: Նա նշել է, որ նախարարները համատեղ հայատարարություն են արել Ուկրաինայի վերաբերյալ:

Իր հերթին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Եվրամիությունը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններ վարել ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի իրագործման պայմանների, բայց ոչ համաձայնագրի տեքստի շուրջ:

«Անհրաժեշտ է պարզաբանում տալ այն բազմաթիվ շահարկումների շուրջ, որոնք տեղ են գտել տարբեր ԶԼՄ-ներում: Եվրահանձնաժողովի դիրքորոշումը միանշանակ է եւ չի փոխվել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ԵՀ-ի նախագահ Մանուել Բառոզուի երեկվա հեռախոսազրույցից հետո»,- ընդգծել է նա:

«Մեր դիրքորոշումը բաղկացած է չորս կետից՝: Առաջին՝ մենք պատրաստ ենք Ուկրաինայի հետ բանակցություններ վարել ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու պայմանների շուրջ: Երկրորդ՝ մենք Ուկրաինայի հետ նոր բանակցություններ չենք սկսի այդ համաձայնագրի տեքստի շուրջ, որն արդեն նախաստորագրված է եւ ենթակա չէ հետագա փոփոխությունների: Երրորդ՝ մենք պատրաստ ենք ընդունել Ուկրաինայի պատվիրակությանը, սակայն առայժմ Կիեւից ոչ մի տեղեկատվություն չունենք Բրյուսել նրա ժամանման ժամկետների մասին: Չորրորդ՝ Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրված տեքստի ստորագրման համար ԵՄ-ի բոլոր պայմանները մնում են ուժի մեջ»,- նշել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:

Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, ելույթ ունենալով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունը պետք է անսա իր ժողովրդի ձայնին: «Մենք կոչ ենք անում Ուկրաինայի կառավարությանը անսալ իր ժողովրդի ձայնին, որը ցանկանում է ապրել ազատության, նպաստավոր հնարավորությունների եւ բարեկեցության պայմաններում»,- ընդգծել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Քերին չի մասնակցի Կիեւում ԵԱՀԿ-ի նախարարական հանդիպմանը: Ընդսմին ԱՄՆ-ի պաշտոնատարները հասկանալ են տվել, որ Միացյալ Նահանգների այդ գործողությունները կապված են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը կասեցնելու Ուկրաինայի որոշման հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում