Ղարաբաղում թե՛ իշխանությունը, թե՛ ժողովուրդը սիրում է իր երկիրը. ԼՂՀ վարչապետ

11 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Ղարաբաղում տնտեսական ակտիվությունն ակնհայտ է: 2013-ին ԼՂՀ-ում կարձանագրվի ինը տոկոս տնտեսական աճ: Այս ցուցանիշը պահպանվում է արդեն վեց տարի: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ներկայացրեց ԼՂՀ-ում կատարված աշխատանքները, դեռեւս չլուծված խնդիրներն ու նոր նախագծերը:

-Պարոն վարչապետ, նոյեմբերի 28-ին անցկացված «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ողջ հասույթն ուղղվելու է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը: Ինչպիսի՞ նշանակություն ունի այդ ճանապարհի կառուցումն ու ի՞նչ խնդիրներ կլուծի:

-Ճանապարհի կառուցումը ռազմավարական, քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ուղղություններով դրական ազդեցություն կունենա: Արցախի հյուսիսային թեւը Հայաստանի հետ կապող ճանապարհը վատթար վիճակում է եւ հաճախակի փակվում է սողանքների կամ ձյան պատճառով: Իսկ Ղարաբաղի հյուսիսային թեւը Հայաստանի հետ Գորիս-Ստեփանակերտ գործող ճանապարհով կապելը տնտեսապես ճիշտ չէ: Ճանապարհի կառուցման շնորհիվ Հայաստանի հետ Քարվաճառի եւ Մարտակերտի կապն ավելի կուժեղանա ու տնտեսական լուրջ հնարավորություններ կստեղծի: Արցախի հյուսիսային թեւը հարուստ է ընդերքով, եւ այն օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան ենթակառուցվածքներ: Ճանապարհի կառուցմանը զուգահեռ էլեկտրականության գիծ էլ կկառուցենք, քանի որ ապագայի տնտեսական ծրագրերը հնարավոր կլինի կյանքի կոչել այդ երկու կարեւոր ենթակառուցվածքների առկայության դեպքում: Ճանապարհի կառուցումը լուրջ խթան կհանդիսանա նաեւ զբոսաշրջության զարգացման համար, քանի որ Արցախի հյուսիսային հատվածը թե՛ պատմական հուշարձանների, թե՛ բնության տեսանկյունից շատ գրավիչ է: Սոցիալական առումով ճանապարհը կնպաստի այդ շրջանի բնակիչների կյանքի որակի լավացմանն ու կստեղծի բարենպաստ պայմաններ:

- Ղարաբաղում այսօր երկու լուրջ նախագիծ է մշակվում երկրի վերաբնակեցված շրջանների զարգացման կապակցությամբ:

- Ղարաբաղում վերաբնակեցումը սկսվել է 1994-1995 թթ., եւ այդ ծրագրերը մինչև այսօր գործում են: Բայց մենք խնդիր ունեցանք, երբ 2000-2007 թվականին սկսվեց վերաբնակեցված շրջաններից արտահոսքը: Դա պայմանավորված էր Հայաստանի տնտեսական ակտիվությամբ, եւ քաղաքացիների մի մասը, որ միայն պարենային խնդիրների պատճառով էր տեղափոխվել Ղարաբաղ, հեռացավ: Մյուս մասն էլ լքեց իրենց տները, քանի որ բացակայում էին ենթակառուցվածքները, աշխատատեղեր չկային` ինչը խանգարում էր ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ: Հետեւաբար, մենք սկսեցինք խոսել ու աշխատել ոչ թե վերաբնակեցման, այլ վերաբնակեցված շրջանների զարգացման ուղղությամբ: Մեր ուշադրության կենտրոնում են ենթակառուցվածքների զարգացումը, վարկային ռեսուրսների տրամադրումը, աշխատատեղերի ստեղծումը: Կարող եմ ասել, որ վերաբնակեցման երկրորդ շնչառությունը դրական ազդեցություն ունեցավ: 2007-2012 թթ. Քաշաթաղի բնակչությունն ավելացավ 3000-ով, Շահումյանում վերաբնակվողների թիվը թեպետ ավելի համեստ է, սակայն ավելի կարեւոր էր փաստը, որ արտահոսքը դադարեց, եւ արձանագրեցինք աճ: Վերաբնակեցման ուղղությամբ երկու ծրագիր է իրականացվում`վիճակախաղը եւ Արաքսի ափին վերաբնակեցման նախաձեռնությունը, որոնք լուրջ խթան կհանդիսանան բնակիչների սոցիալական, կենցաղային, բնակարանային խնդիրների լուծման գործում, իսկ Արաքսի ափին հողերի մշակման ծրագիրը կհանգեցնի նրան, որ կստեղծվեն աշխատատեղեր, բնակիչները կունենան կայուն եկամուտներ, ինչն իր հերթին կխթանի շրջանների զարգացումը:

-Պարոն վարչապետ, եթե չեմ սխալվում, վերջին 4-5 տարվա ընթացքում Արցախում ժողովրդագրական պատկերի լուրջ փոփոխություն կա, կայուն աճ է գրանցվում:

- Այո: Պետության իրականացրած ծրագրերի արդյունքում ծնելիությունն աճել է, միգրացիոն երեւույթները դրական են: Վերջին տարիներին միգրացիոն տեմպերը մի քիչ նվազել են, սակայն կարեւորն այն է, որ ցուցանիշը բացասական չէ, եւ այդ ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում` ակտիվացնելու մեխանիկական աճը: Ղարաբաղի բնակչությունն այսօր արդեն մոտենում է 150.000-ի: Դա լուրջ ցուցանիշ է, որը պետք է պահպանել: Իհարկե, կա նաեւ արտագաղթ, կան մարդիկ, ովքեր ժամանակավոր տեղափոխվում են այլ վայրեր: Այս ուղղությամբ էլ աշխատանքներ իրականացնում ենք, եւ, կարծում եմ, առաջիկա տնտեսական ցուցանիշների եւ ծրագրերի իրականացումն արդյունքներ կտա:

- Պարոն վարչապետ, այսօր Արցախում ապրում են մի քանի տասնյակ սիրիահայ փախստականներ: Ի՞նչ ծրագրեր են իրականացվում նրանց համար, եւ միջազգային հանրությունը թեկուզ չճանաչված ԼՂՀ-ի պարագայում արդյոք որեւէ կերպ օժանդակե՞ց նրանց:

- Արցախում այսօր բնակվում է երեսուն սիրիահայ ընտանիք: Մենք փորձում ենք լուծել նրանց կենցաղային խնդիրները: Արցախ տեղափոխվել եւ այնտեղ բնակվել ցանկացողների թիվն ավելի շատ է, սակայն ֆինանսական խնդիրները կապում են մեր ձեռքերը: Հենց այդ նպատակով ձեռնարկված վիճակախաղի ծրագիրը կնպաստի բնակարանային, կենցաղային խնդիրների լուծմանն ու նաեւ նոր ընտանիքների տեղավորման հնարավորություններ ստեղծելուն: Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա նրանից ոչ մի աջակցություն չենք տեսել: Հիմնական օժանդակությունը ցուցաբերում է Արցախի կառավարությունը: Գործում են արտոնյալ վարկային ռեսուրսներ, վարձակալության հիմունքներով անմշակ հողեր ենք տրամադրում եւ ցանկացած նախագծի փորձում ենք աջակցել մեր հնարավորությունների սահմաններում:

-Ղարաբաղում ջրի հարցը միշտ եղել է հասարակության, իշխանության ուշադրության կենտրոնում: Կարո՞ղ ենք ասել, որ ջրի խնդիրն այսօր վերջնականապես լուծված է:

-Ցավոք, ոչ: Ունենք բազմաթիվ բնակավայրեր, որտեղ ջրի խնդիրը շարունակում է մնալ օրակարգային, եւ նախագահ Բակո Սահակյանի կողմից տրված է հանձնարարական ավարտել ջրի մատակարարման հետ կապված աշխատանքները մինչեւ 2017 թվականը: Իհարկե, խոշոր բնակավայրերում` Ստեփանակերտ, Բերձոր, Հադրութ, Մարտակերտ, Քարվաճառ, աշխատանքները կամ ավարտված են, կամ ավարտման փուլում: Մի շարք բնակավայրերում աշխատանքները կամ սկսված են կամ գտնվում են նախագծման փուլում են: Կարծում եմ, կտեղավորվենք ժամկետների մեջ եւ աշխատանքները կավարտենք: Ինչ վերաբերում է ոռոգման ջրի խնդրին` մեզ տասնամյակներ են անհրաժեշտ ծրագիրն իրականություն դարձնելու համար:

- Վերջին երեք տարիներին Արցախում լայն թափով զարգանում է հանքարդյունաբերության ոլորտը:

- Այո, հանքարդյունաբերությունը սկսել է զարգանալ: Այսօր ունենք մի շարք ընկերություններ, որոնք զբաղվում են արդյունահանման ուղղությամբ եւ հետախուզական աշխատանքներ են իրականացնում: 2016-ին մի քանի նոր նախագծեր կունենանք: Ամենախոշորը Կաշենում պղնձի հանքի շահագործումն է: Երկրի հարավային հատվածում շահագործման ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ ենք կատարել: Քարածխի հանքի վերաբերյալ արդյունքներ ակնկալում ենք հաջորդ տարի: Կան նախագծեր սնդիկի, ոսկու, պղնձի հանքերի շահագործման համար, որոնց ուղղությամբ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Հանքարդյունաբերության տեսակարար կշիռը մեծ է, սակայն 2016-ից հետո ֆինանսների եւ աշխատատեղերի առումով հանքարդյունաբերությունն ավելի լուրջ դերակատարություն կունենա մեր երկրի տնտեսության մեջ:

- Արցախի վարչապետը ո՞ր ոլորտներում է խորհուրդ տալիս աշխատել այն բիզնեսմենին, ով ցանկանում է Արցախում ներդրում կատարել: Ո՞րն է գրավիչ եւ որտե՞ղ է ապագան:

- Ուղղությունները բազմաթիվ են: Գյուղատնտեսության ոլորտում շատ մեծ ռեսուրսներ կան, հիդրոէներգետիկ ոլորտում` նույնպես` բաժնետոմսեր գնելուց մինչեւ շինարարություն, կարող ենք առաջարկություններ ներկայացնել թեթեւ արդյունաբերության ոլորտում: Հատկապես գյուղմթերքների վերամշակման առումով ունենք լայն հնարավորություններ:

- Ի՞նչն է գրավում զբոսաշրջիկին Արցախում, եւ ի՞նչ է արվում զբոսաշրջության ոլորտն առավել զարգացնելու ուղղությամբ:

- Նախ` Ղարաբաղում շատ բարյացակամ ենք զբոսաշրջիկի նկատմամբ: Ղարաբաղյան հյուրասիրությունը միշտ էլ կարեւոր է զբոսաշրջիկի հետ հարաբերություններում, փորձում ենք ավելի հարմարավետ, գեղեցիկ հարաբերվել զբոսաշրջիկի հետ, բացն էլ լրացնում են մեր երկնքի պարզությունն ու գեղեցիկ բնությունը, որոնք ավելի գրավիչ են դարձնում Ղարաբաղը:

- Ենթակառուցվածքները բավարարո՞ւմ են:

- Չեմ կարող ասել, թե ամբողջությամբ: Այս առումով շատ անելիքներ ունենք: Կան քայքայված ենթակառուցվածքներ, եւ երկրի զարգացման համար ամենակարեւոր հարցը երկարաժամկետ ենթակառուցվածքների հարցն է: Ճանապարհները վատ չեն, երթեւեկելի են, բայց շատ հեռու են ժամանակակից չափանիշներին բավարարելուց: Իհարկե, կառուցվելիք նոր ճանապարհն իր ազդեցությունը կթողնի, բայց շատ հարցեր կան, որ պետք է լուծվեն: Ընդամենը մի քանի գլխավոր մայրուղիներ են ասֆալտապատված: Դրա համար շարունակական մեծ ներդրումներ են պահանջվում:

- Մի քանի օր առաջ ուկրաինական լրատվամիջոցներից մեկը զարմացել էր, որ Ղարաբաղը, լինելով պատերազմի մեջ, շրջափակման պայմաններում, ունենալով քիչ ռեսուրսներ, զարգանում է: Լրագրողին զարմացրել էր հատկապես, որ պետական միջոցները չեն փոշիանում: Ո՞րն է գաղտնիքը:

- Առաջին հերթին մեր հաջողություններում հայության դերակատարությունը պետք է կարեւորենք: «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ տարբեր բարեգործական կազմակերպությունների շնորհիվ կարողացել ենք բազմաթիվ նախագծեր իրականացնել. դա մեծ ազդեցություն է գործել: Ինչ վերաբերում է պետական ռեսուրսների նպատակային եւ ռացիոնալ օգտագործմանը, ապա փորձում ենք վերաբաշխման մեջ պահպանել արդարության սկզբունքը, ինչը շատ կարեւոր գործոն է եւ բնակչության մեջ հավատ է ներշնչում: Ունենք խնդիրներ, թերացումներ, լինում են սխալներ, դրանք ուղղելու ուղղությամբ աշխատանքներ տանում ենք: Կարեւորը` պետք է սիրել երկիրը, եւ Ղարաբաղում ցայտուն դրսևորվում է թե’ իշխանության, թե՛ ժողովրդի սերն իր երկրի նկատմամբ:

Հարցազրույցը` Հասմիկ Հարությունյանի

Հայերեն English Русский