Տարածաշրջանային

Էրդողանը 2015-ին կայցելի՞ Հայոց ցեղասպանության հուշահամալիր. Օրհան Քեմալ Չենգիզի անդրադարձն Al-Monitor-ում

7 րոպեի ընթերցում

Էրդողանը 2015-ին կայցելի՞ Հայոց ցեղասպանության հուշահամալիր. Օրհան Քեմալ Չենգիզի անդրադարձն Al-Monitor-ում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շատ հավանական է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Հայաստան, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշարձանին և ներողություն կխնդրի հայերից»,-այս տողերով է արաբական Al-Monitor-ում իր հոդվածը սկսում Հայոց ցեղասպանությունը ճանաչած հայտնի թուրք լրագրող և հրապարակախոս Օրհան Քեմալ Չենգիզը` անմիջապես հավելելով, որ դա իր ունեցած տեղեկությունների կամ լրատվական հրապարակումների հիման վրա արված կանխատեսում չէ, այլ թուրք ազգայնականների մեղադրանքներն` ուղղված վարչապետին:

«Էրդողանի այցը Դիարբեքիր, «Քուրդիստան» բառի գործածումը և խոստովանությունը, որ իր կառավարությունը բանակցում է քրդական PKK կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ խախտել են Թուրքիայի բոլոր տաբուները: Հնարավո՞ր է, որ Էրդողանը խախտի նաև Հայոց ցեղասպանության տաբուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարցադրում է անում թուրք հրապարակախոսը:

«Էրդողանն այնքան հիասթափեցնող բաներ է արել, որ չզարմանաք, եթե նա ներողություն խնդրի հայերից»,- նշել է թուրք ազգայնականներից մեկը: Թուրքիայի ոչ մուսուլմանների կրած տառապանքները հազվադեպ են ընդգրկվում վարչապետի օրակարգում: Ուստի Էրդողանի` 2009 թվականի մեկնաբանությունները զարմացրել էին բոլորին. «Տարբեր էթնիկ ինքնություն ունեցող խմբերն աքսորվել են մեր երկրից: Ինչը ֆաշիստական մոտեցման արդյունք էր»:

Կասկած չկա, որ այս մեկնաբանություններն ակնարկում էին 1915 թվականի ողբերգական իրադարձությունները, ինչպես նաև Թուրքիայի պատմության մյուս դժբախտ դեպքերը: Էրդողանը հաճախ Թուրքիան ներկայացնում է որպես բազմէթնիկ հանրություն` հաճախ հիշատակելով արաբներին, քրդերին, թուրքերին, լազերին և չերքեզներին, սակայն երբեք չի հիշատակում Թուրքիայի ոչ մուսուլման վաղեմի փոքրամասնությունների` հայերի, հույների, հրեաների և ասորիների անունները:

Հեղինակը պնդում է, թե Հայոց ցեղասպանության թեման այլևս տաբու չէ Թուրքիայում, թեմայի վերաբերյալ ամեն օր գրքեր են լույս տեսնում, և «ազատ, հանդուրժողական» վերաբերմունք է տիրում մեդիա դաշտում: Քաղաքացիական հասարակությունն այժմ հիշում է Հայոց ցեղասպանության զոհերին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հասարակական ոլորտում բանավեճեր են ընթանում 2015 թվականի անելիքների և գործողությունների ծարգրի շուրջ:

«Սա վկայում է այն մասին, որ կառավարության վերաբերմունքը խնդրին ինչ-որ չափով փոխվել է: Այլապես ոստիկանությունն ապրիլի 24-ի ակտիվիստներին չէր պաշտպանի ծայրահեղականներից և ազգայնականներից: Սակայն ազատությունը, որ կառավարությունը թույլատրում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և մտավորականներին ցեղասպանությունն ուսումասիրելու և դրա շուրջ բանավիճելու համար, դեռ չի նշանակում, թե 1915 թվականի վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը կփոխվի: 2015-ին ընդառաջ թուրքական կառավարության նախապատրաստությունների մասին լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները վկայում են, որ ցեղասպանության հարյուրամյա տարելիցին շարունակելու է գերիշխել պաշտոնական նախկին ժխտողական քաղաքականությունը»,- գրում է Չենգիզը:

Շվեյցարիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն շվեյցարական իշխանություններին է փոխանցել Թուրքիայի մտահոգությունները Ժնևում հայերի կողմից կանգնեցվող հուշարձանի վերաբերյալ: Լրատվական հրապարակումների համաձայն, Դավութօղլուն Շվեյցարիային խնդրել է միջնորդ դառնալ Հայաստանի և Թուրքիայի միջև: ԱԳ նախարարության աղբյուրի խոսքով, եթե Հայաստանը համաձայնի Ադրբեջանին հանձնել Ղարաբաղի յոթ շրջաններից հինգը, Թուրքիան պատրաստ կլինի բացել հայ-թուրքական սահմանը: Արտաքին գործերի նախարարի և խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների միջև կայացած վերջին երկխոսությունը ենթադրելու տեղիք է տալիս, որ իրականում նախատապատրաստություններ են տարվում սահմանը բացելու ուղղությամբ: Իգդիրի խորհրդարանականի` սահմանին տարվող որոշ աշխատանքների մասին հայտարարությունից հետո, Դավութօղլուն հաստատել է. «Մենք նման աշխատանքներ ենք տանում: Եթե մենք կարողանանք համոզել Ադրբեջանին, կարող ենք անակնկալ մատուցել: Մենք աշխատում ենք սահմանի բացման ուղղությամբ»:

Հեղինակը վկայակոչում է նաև կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչի մեկնաբանությունները, ով նշել է. «2015 թվականին լրանում է Դարդանելի և Հայոց ցեղասպանության մասին պնդումների 100-րդ տարին: Մենք լուրջ աշխատանքներ ենք տանում սիմպոզիումների, համաժողովների, վահանակների, հրատարակությունների և փաստաթղթերի ուղղությամբ, բայց մենք նաև ներգրավված ենք հատուկ հասարակական դիվանագիտության գործունեություններում, որոնք կարող ենք ազդել ամբողջ աշխարհի վրա»:

«Հայտնի է նաև, որ կառավարության և ընդդիմության առաջնորդները հանդիպել են խորհրդարանում` քննարկելու Թուրքիայի 2015 թվականի ռազմավարությունը: Ցավոք, այս բոլոր ռազմավարությունները, կարծես, Թուրքիայի ընթացիկ մոտեցումների սոսկ կրկնությունն են»,- ամփոփում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք լրագրողը:

Ըստ նրա, Թուրքիայի պատմագիտական ընկերությունը նույնպես նախապատրաստվում է 2015-ին: Ընկերության նախագահ Մեհմեդ Մեթին Հյուլագյուն նշել է, որ իրենք աշխատում են մի շարք աշխատությունների վրա` «Հայ-թուրքական հարաբերությունները 2015 թվականի նախապատրաստություններում» թեմայով:

Համադրելով այս ամենը` կարելի է կանխատեսել, որ Թուրքիայի պաշտպանողական պահվածքը` հիմնված ժխտողականության վրա, 2015-ին չի փոխվի: Չնայած ԱԳ նախարարությունը, սահմանը բացելու քայլով, ջանում է փոխել Հայոց հարցի պատճառով ստեղծված Թուրքիայի կերպարը, այն նաև վճռական է թվում` 2015-ին հայկական արշավի դեմ պայքարելու իր մտադրության մեջ:

Այսպիսով, ըստ Քեմալ Չենգիզի, եթե Էրդողանը վերջին պահին արված անակնկալով տակնուվրա չանի աշխարհը, 2015 թվականին մենք ականատեսը կլինենք Թուրքիայի մեկդարյա ժխտողական քաղաքականության ավելի զարգացված և բարդ տարբերակին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում