Բանակցային գործընթացի շարունակությունը փխրուն հրադադարի պահպանման միակ միջոցն է. քաղաքագետ
2 րոպեի ընթերցում
![Բանակցային գործընթացի շարունակությունը փխրուն հրադադարի պահպանման միակ միջոցն է. քաղաքագետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/11/740680.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների այսօր Վիեննայում կայացած հանդիպումը դրական քայլ էր, քանի որ երկու տարվա դադարից հետո նախագահների մակարդակով վերսկսվեց բանակցային գործընթացը: Սակայն բանակցություններն ընթանում են «հանուն բանակցությունների» սկզբունքով, և կողմերի մոտեցումները լիովին իրարամերժ են. առավելագույնը, որին կարող են հասնել հակամարտող կողմերն ու համանախագահները` փորձել շարունակել բանակցային գործընթացը` որպես միակ միջոց, որը կնպաստի փխրուն հրադադարի պահպանմանը:«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Կովկասի ինստիտուտի» փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` հավելելով, որ խնդրի կարգավորման ուղղությամբ մոտ ապագայում որեւէ այլ լուծում չի կանխատեսում: «Հասկանալով հանդերձ այն բոլոր բացասական երեույթները, որոնք կապված են ստատուս- քվոյի հետ, պետք է փաստենք, որ բացի ստատուս քվոյի պահպանումից, ո'չ հայկական, ո'չ ադրբեջանական կողմի մոտ լուծման այլ տարբերակ գոյություն չունի»:
Շուրջ երկու տարվա ընդմիջումից հետո այսօր Վիեննայում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հանդիպման ընթացքում նախագահները համաձայնվել են թափ հաղորդել հետագա բանակցություններին`ուղղված Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ձեռքբերմանը, եւ հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին`ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նախագահները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին: