Քաղաքականություն

Անցյալի հետ կարելի է հաշտվել, եթե հանցագործը խոստովանի իր մեղքը. թուրք պատմաբան

5 րոպեի ընթերցում

Անցյալի հետ կարելի է հաշտվել, եթե հանցագործը խոստովանի իր մեղքը. թուրք պատմաբան

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք պատմաբաններն ընդունում են իրենց նախնիների կատարած ոճրագործությունները հայերի դեմ և իրենց մեղքը Հայոց ցեղասպանության իրագործման հարցում` հենվելով գիտական հետազոտությունների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական «Al-Monitor»-ը, Թուրքիայի Բոազիչի համալսարանում «Իսլամացված հայերը» գիտաժողովի ժամանակ, ներկայացնելով Սառա անունով 15-ամյա աղջնակի ողբերգական պատմությունը, թուրք ակադեմիկոս Նևին Յլդըզ Թահինջօղլուն հայտարարել է. «Այս պատմության չարագործը իմ ընտանիքից է»:

«Սառան սերում էր Շանլիուրֆա գավառի Վիրանշեհիր շրջանի հայկական մի գյուղից: Այն ժամանակ, երբ թուրքական կայսրությունում կազմվեցին համիդիե գնդերը, աղաներին խրախուսում էին թալանել հայկական գյուղերը և դուրս քշել բնակիչներին: Վիրանշեհիր շրջանի նշանավոր մարդկանցից էր Էյուփ աղան, ում մասնակցությամբ թուրքական զորախումբը արշավել է Սառայի գյուղ, շրջապատել և տարել գյուղի տղամարդկանց: Մեկ ամիս անց մոտակա աղբյուրի մոտ լվացք անելիս Սառան մի շան երախում այլանդակված ձեռք է նկատել և ճանաչել վրայի ժամացույցը, որ պատկանում էր իր հորեղբորը: Նա շան հետևից գնացել է դեպի քարանձավը, որ տեղացիները դեռ «հայերի քարանձավ» են կոչում, և հայտնաբերել իր գյուղի տղամարդկանց դիակները: Գյուղի փրկված բնակիչները որոշել են լքել այն, բայց նրանք էլ են ընկել շրջապատման մեջ: Էյուփ աղան փակել է քարանձավի մուտքը և նրանց օրերով թողել առանց ջրի ու հացի: Մի օր գերիների մեջ նա նկատել է իր գեղեցկությամբ աչքի ընկնող Սառային և սիրահարվել: Էյուփն, ով արդեն երկու կին ուներ, հայտնել է Սառային, որ ամուսնանալու է նրա հետ, բայց արժանացել է վերջինիս մերժմանը: Նա սպառնացել է սպանել Սառայի մորը և կատարել է սպառնալիքը, ապա սպառնացել և սպանել է Սառայի հորը, իսկ երբ աղան սպառնացել է սպանել մանկահասակ եղբորը, Սառան համաձայնել է ամուսնանալ միայն երկու պայմանով, որ Էյուփը չսպանի իր եղբորը և չստիպի փոխել իր անունը: Չնայած Էյուփի տված խոստմանը` Սառայի եղբայրը կասկածելի հանգամանքներում մահացել է մեկ տարի անց: Իսկ Էյուփը սկսել է տանջել իր կնոջը, ով հրաժարվել էր փոխել անունը և, տարածված լուրերի համաձայն, այդպես էլ չի ընդունել իսլամն ու շարունակել է խաչ կրել: Նա խաչեր է դաջել Սառայի մարմնի վրա, բռնաբարել ամեն անգամ, երբ Սառան հրաժարվում էր անկողին մտնել իր հետ: Ասում են` Սառայի աղաղակների արձագանքները լսվում էին անգամ տան բակում,- պատմել է Թահինջօղլուն` ավելացնելով,- այս պատմության չարագործը իմ ընտանիքից է»:

Թահինջօղլուն Սառայի պատմությունը համադրել էր բանահավաքչության ընթացքում հավաքած չորս ականատեսի վկայությունների հետ, ուսումնասիրել իր ընտանիքի պատմությունը և պարզել, որ թե’ Էյուփ աղան, թե’ բանասացները իր ազգականներն են:

«Այդ զոհը չպետք է կանգնի և խոստովանի. «Ես զոհ եմ»: Անցյալի հետ կարելի կլինի հաշտվել, միայն երբ հանցագործը խոստովանի. «Ես հանցագործ եմ»,- ամփոփեց թուրք գիտնականը:

Համաժողովի բանախոսներից թուրք պատմաբան Թաներ Աքչամը նկատել է` հայերի իսլամացումը Թուրքիայում չի կատարվել կրոնական շարժառիթներով, քանզի կրոնական ֆանատիզմը խորթ էր ժամանակին իշխող և Հայոց ցեղասպանությունը կազմակերպած «Միություն և զարգացում» կուսակցության գաղափարախոսությանը: Պատմաբանը մուսուլմանացումը համարում է հայերի բռնի ձուլման գործիքների մեկը: «Ձուլումն իսկապես համակարգված քաղաքականություն էր (ցեղասպանության տարիներին), որի հիմնական տարրերից էր բռնի կրոնափոխությունը իսլամի»,- նշել է պատմաբանը:

Թուրք ակադեմիկոս Այշե Գյուլ Ալթինայի գնահատմամբ` Հայոց ցեղասպանության տարիներին մոտ 200 հազար հայեր են կարողացել փրկվել Թուրքիայում` ընդունելով իսլամը: Ավելին, Թուրքիայում այսօր մի քանի միլիոն մարդ է բնակվում, ովքեր բռնի կամ ճարահատյալ իսլամացված հայերի երեխաները, թոռները, զորմիկներն ու զարմուհիներն են: «90 տարի այդ մարդիկ անտեսանելի են եղել իրենց ընտանիքներից դուրս, իսկ երբեմն անգամ ընտանիքների ներսում: Նրանք իսպառ կորցրել են իրենց հայկական անունները, կապը ընտանիքների և հայ համայնքի հետ: Իսկ նրանք, ում հաջողվել է պահպանել իր անունը կամ կապը հայերի հետ, չեն կարողացել այդ մասին բարձրաձայնել»,- նշել է բանախոսը:

ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի գիտնականներ Արդա և Դորիս Մելքոնյանների կատարած հետազոտությունների համաձայն` Թուրքիայում մեծ մասամբ իսլամացվել են հայ կանայք` ամուսնանալով մուսուլմանների հետ, և շատ քիչ թվով հայ տղամարդիկ են կարողացել փրկվել` դավանափոխ լինելով:

Համաժողովն անցկացվել է նոյեմբերի 2-4-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում