Հասարակական

Լրատվամիջոցների կողմից հեղինակային իրավունքի խախտումները կարգավորող օրենքը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 10-ից

3 րոպեի ընթերցում

Լրատվամիջոցների կողմից հեղինակային իրավունքի խախտումները կարգավորող օրենքը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 10-ից

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը կոչված է պայքարելու լրատվական դաշտում հեղինակային իրավունքների խախտման դեպքերի դեմ, ուժի մեջ կմտնի նոյեմբերի 10-ից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց օրենքի համահեղինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: «Օրենքի նախագիծը հրապարակվել էր հոկտեմբերի 30-ին, որից 10 օր հետո այն ուժի մեջ մտնի»,- շեշտեց Հովհաննիսյանը:

ԱԺ պատգամավորի խոսքով՝ օրենքը նպատակին կծառայի միայն այն դեպքում, եթե լրատվամիջոցները պահպանեն լրագրողական էթիկայի կանոնները: «Լրագրողական էթիկայի պահպանումն այդ հարցում շատ կարևոր նշանակություն ունի, հակառակ դեպքում՝ օրենքը կկորցնի իր իմաստը»,- նշեց Հովհաննիսյանը: Օրենքը չի մշակվել, որպեսզի լրատվամիջոցների դեմ դատական հայցերը շատանան, այն առկա խնդիրները կարգավորելու նպատակ է հետապնդում: Արփինե Հովհաննիսյանի դիտարկմամբ` լրատվամիջոցները պետք է հասկանան, որ չի կարելի լրագրողի աշխատանքը մեկ վայրկյանում ջուրը գցել՝ վերցնելով այն և առանց պատշաճ հղման դնելով մեկ այլ կայքում: Նա հույս հայտնեց, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այս խնդիրը կստանա իր լուծումը, իսկ լրագրողներն իրենց աշխատանքի ընթացքում կպահպանեն լրագրողական էթիկայի կանոնները:

Անդրադառնալով վերահսկողության մեխանիզմներին՝ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ որևէ մեկի կողմից հատուկ վերահսկողություն չի սահմանվելու: «Լրատվամիջոցները իրենք պետք է շահագրգռված լինեն, որպեսզի գրագողության դեպքեր չլինեն և պահպանվեն լրագրողական համերաշխության և էթիկայի կանոնները, և մենք հույս ունենք, որ օրենքի կիրառումը կնպաստի դրան»,- եզրափակեց ԱԺ պատգամավորը:

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի նպատակն է կարգավորել թերթերից, ամսագրերից եւ էլեկտրոնային լրատվամիջոցներից վերատպումներ կիրառելու համակարգը: Մասնավորապես, վերատպումը կթույլատրվի միայն արդարացված ծավալով: Անկախ հրապարակման ծավալից, այն չպետք է լիովին բացահայտի հոդվածի էությունը եւ բացառի սկզբնաղբյուրից օգտվելու անհրաժեշտությունը: Հոդվածներից հատվածներ հրապարակելու դեպքում անհրաժեշտ է նշել սկզբնաղբյուրը: Էլեկտրոնային լրատվամիջոցների հոդվածներից հատվածներ հրապարակելու դեպքում պարտադիր է ակտիվ հղումը: Նոր օրենքով` լրատվամիջոցները հեղինակային իրավունքի խախտման դեպքերի համար կտուգանվեն 100-200 հազար դրամի չափով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում