Appstore-ում հասանելի է հայերեն ստեղնաշար iOS 7 օպերացիոն համակարգի համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծրագրավորող Վահրամ Գևորգյանը ստեղծել է հայերեն ստեղնաշար iOS 7 օպերացիոն համակարգով աշխատող iPhone-ների, iPad-ների և iPod touch-երի համար: «Այն առաջին հայերեն ստեղնաշարն է, որը նախատեսված է iOS 7 օպերացիոն համակարգի համար և ներդաշնակեցված է այդ համակարգի ոճին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ծրագրավորողը: Հեղինակի խոսքով` ծրագրիմիջոցով հնարավոր է հայերեն նամակագրություն վարել, հաղորդագրություններ գրել Facebook, Twitter սոցցանցերում, օգտվել Goolge, Youtube, Wikipedia համացանցային ռեսուրսների որոնողական համակարգերից` առանց ծրագիրը լքելու, Google Translate-ում հայերենից անգլերեն թարգմանություն կատարել:

«Հավելվածը թույլ է տալիս նաև ցանկացած հայերեն տեքստ տպել և արտատպել այլ հավելվածներում, հայերենով հասցեատեր ավելացնել, ստեղծել հայերենով օրացույցային իրադարձություն»,- ասաց Վահրամ Գևորգյանը: Վահրամ Գևորգյանը հեղինակն է«Queen Anahit» առաջին ինտերակտիվ հեքիաթի, որի հիմքում Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթն է: Այն ևս նախատեսված է iPone-ի և iPad-ի համար: Հեքիաթը եռալեզու է` հայերեն, անգլերեն, ռուսերեն:

Հայերեն English Русский