Թուրքիայում պետությունը քանդում է հայկական տները ոսկի գտնելու նպատակով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Բուրսա նահանգի Օրհանգազի գավառում հայերից մնացած տանը գանձ գտնելու հիմնավորմամբ օրինական փորման աշխատանքներ են սկսվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը: Հայկական տանն օրինական փորման աշխատանքներ իրականացնելու նպատակով Հուշարձանների խորհրդում հատուկ հանձնաժողով է ստեղծվել: Տան ներկայիս տիրոջ բարեկամներից մեկը`Էֆքան Արըն հայտնել է, որ առաջին համաշխարհային պատերազմից հետո այս տներում բնակված հայկական ընտանիքներից շատերն իրենց իրերն ու ոսկիները թաքցրել են հենց այստեղ`հետագայում հետ վերադառնալու և դրանք վերցնելու հույսով:
Փորման աշխատանքները ղեկավարող հանձնաժողովի ղեկավար Թուրհան Քայաբեյը հայտնել է, որ նախատեսվում է այդ աշխատանքները կատարել մեկ ամիս, և դրանք պետք է ընդգրկեն ամենաշատը 100 քմ տարածք: «Եթե աշխատանքների արդյունքում ոսկի գտնվի, դրա կեսը պետությանը, իսկ մյուս կեսն էլ տան տիրոջը կտրվի»,- հայտնել է Քայաբեյը և հավելել, որ եթե փորելու ժամանակ հայտնաբերվեն հին գտածոներ, ապա դրանք կհանձնվեն պետական գանձարանին:
Որոնողական աշխատանքներն սկսվել են 2013 թվականի հոկտեմբերի 31-ից, սակայն առաջին օրը որևէ դրական արդյունք չի տվել: