Լևոն Արոնյանը դեմ չէ թիմում թարմ ավյուն տեսնել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականն ամեն ինչ կանի նորից աշխարհի չեմպիոն դառնալու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հավաքականի առաջատար, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Լևոն Արոնյանը` ընդգծելով, որ Եվրոպայի առաջնությունում թիմը պետք է ավելի լավ խաղա: «Եվրոպայի վերջին առաջնությունում շատ մոտ էինք հաղթանակին, այս անգամ կաշխատենք վերջին փուլում չվրիպել»,-ասաց Արոնյանը:
Անդրադառնալով Եվրոպայի և աշխարհի առաջնությունների միջև ընկած փոքր դադարին (Եվրոպայի առաջնության ավարտից ընդամենը 7 օր անց մեկնարկում է աշխարհի առաջնությունը)` Հայաստանի թիմի առաջատարը փաստեց. «Չեմ կարծում, որ հոգնածություն կառաջանա Եվրոպայի առաջնության ժամանակ: Քանի որ մենք բոլորս էլ սիրում ենք խաղալ: Շատերը երկար չեն խաղացել, հիմա այդ կրակը կա»:
Արոնյանը կարծիք հայտնեց նաև հավաքականի կազմը թարմացնելու մասին. «Մենք չենք ուզում նույն կազմով խաղալ, բայց սերունդը կամաց է աճում: Չեմ կարծում, որ խաղացողներից մեկն ու մեկը չի ցանկանա թարմ «արյուն» տեսնել թիմում: Դա միշտ էլ լավ է»:
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունն այս տարի կկայանա Վարշավայում նոյեմբերի 7-18-ը: Մրցաշարին կմասնակցեն 37 հավաքական թիմեր: Շախմատի Եվրոպայի նախորդ առաջնությունը կայացել է 2011 թվականին, երբ հին աշխարհամասում լավագույնը Գերմանիայի հավաքականն էր: Մեր ընտրանին միայն 4-րդն էր:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի Թուրքիայի Անթալիա քաղաքում: Այն կմեկնարկի նոյեմբերի 24-ին և կեզրափակվի դեկտեմբերի 6-ին: Մրցաշարին կմասնակցեն 10 երկիր` Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Հոլանդիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Չինաստանը, Եգիպտոսը, Ադրբեջանը, Թուրքիան:Աշխարհի առաջնության գործող չեմպիոնը Հայաստանի տղամարդկանց հավաքականն է: