ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բիզնես ոլորտն ակտիվացնելու նպատակով ֆրանսիահայ ավելի քան 40 գործարար ու ներդրող հավաքվեցին մեկ հարկի տակ: Հոկտեմբերի 25-ին ֆրանսիահայ գործարարների տնտեսական համաժողովի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Հայաստանն այսօր աշխատատեղերի կարիք ունի, եւ այդ հարցի լուծման գործում մեծ դերակատարություն կարող է ունենալ Ֆրանսիան: «Հայաստանը հնարավորությունների երկիր է: Եկեք եւ օգտագործեք այդ հնարավորությունները: Հայաստանի հարկային եւ մաքսային քաղաքականությունը գնալով կատարելագործվում է: Մենք պետք է հասնենք այն բանին, որ բիզնեսն ավելի ակտիվանա»,- ֆրանսիացի գործարարներին դիմելով` ասաց Սփյուռքի նախարարը:
Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի խոսքով` Ֆրանսիայի եւ Հայաստանի համագործակցությունը` հենված բարեկամության եւ համերաշխության վրա, շարունակվելու է: «Մեզ համար մեծ երջանկություն է ձեզ հետ աշխատելը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մարսելի քաղաքապետը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը ֆրանսիահայ գործարարներին հավաստիացրեց, որ Հայաստանը ներդրումներ կատարելու առումով վստահելի է:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն Հայաստանի համար տնտեսության զարգացումը կարեւոր մարտահրավեր է համարում, ինչը պետք է հաղթահարել: «Մեր տնտեսական հարաբերությունների զարգացումը բավական նշանակալից է, եւ արժե զարգացնել այդ հնարավոր տարբերակը երկու երկրների համար»,- հավելեց դեսպանը:
Համաժողովի ընթացքում գործարարներն արդյունավետ և փոխշահավետ համագործակցության հնարավորություն ունեցան միմյանց ծանոթացնելու իրենց գործունեության ոլորտներին, քննարկելու համագործակցության հնարավորությունները և հեռանկարները: