Մշակույթ

Թանգարանները «Շրջանակից դուրս» կնարկայանան դպրոցականների միջոցով

2 րոպեի ընթերցում

Թանգարանները «Շրջանակից  դուրս» կնարկայանան դպրոցականների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շրջանակից դուրս» ծրագրի շրջանակներում, Հովհաննես Թումանյանի թանգարանում առաջին անգամ ցուցադրվեցին դպրոցահասակ պատանիների կողմից ստեղծված 11 կարճ ֆիլմ-պատմություններ թանգարանի մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՌԻԹ մշակութային ՀԿ-ի լրատվական բաժնից, ծրագրին մասնակցել են 13-15 տարեկան 12 պատանիներ Երեւանի տարբեր դպրոցներից, մեկը՝ Արցախից:

Ամռան ամիսներին մասնակիցները նախ հնարավորություն են ստացել մանրամասն ուսումնասիրել թանգարանի ողջ նյութը, ապա ներգրավվել են գործնական դասընթացում, որի շնորհիվ սովորել են տարրական գիտելիքներ ֆիլմի թեմայի ընտրության, սցենարի ձեւավորման եւ ռեժիսորական մտահղացման վերաբերյալ: Այնուհետեւ յուրաքանչյուրը նշված փուլերով անցել է իր իսկ ֆիլմի զարգացման ընթացքում՝ թանգարանի կողմից ստանալով բացառիկ թույլտվություն՝ մտնելու սովորական այցելուների համար փակ տարածքներ, շոշափելու եւ նկարահանելու իրենց հետաքրքրող նյութերը:

11 կարճ ֆիլմերը ազատ տեղադրված են համացանցում` հնարավորություն տալով ծանոթանալու թանգարանի թաքուն անկյուններին ու անծանոթ հերոսներին: Ֆիլմերը ցուցադրության իրավունքով նվիրվել են Թումանյանի թանգարանին:

Մասնակիցների խումբը, ԱՌԻԹ մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ եւ Մշակույթի նախարարության աջակցությամբ, կայցելեն նաև Դսեղ՝ Թումանյանի ծննդավայր, որտեղ նույնպես կցուցադրեն ֆիլմերն ու կնվիրեն Ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանին:

«Շրջանակից դուրս» ծրագիրն իրականացվել է Թումանյանի թանգարանի հետ համագործակցությամբ` Արեւելյան գործընկերության մշակութային ծրագրի «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում եւ նպատակ ուներ ֆիլմ-պատմությունների միջոցով ավանդական շրջանակներից դուրս բերել թանգարանի ասելիքը: Ծրագիրն իրականացել է Եվրամիության ֆինանսական օժանդակությամբ եւ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի աջակցությամբ: Առաջիկայում նախատեսվում է ծրագիրը շարունակել Երեւանի եւ մարզերի այլ թանգարաններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում