Պաշտոնական

ՀՀ Նախագահը մասնակցել է Գյուղական համայնքների 3-րդ համաժողովին

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը մասնակցել է Գյուղական համայնքների 3-րդ համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Հանրապետության Նախագահը Ջերմուկ քաղաքում մասնակցել է հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների 3-րդ համաժողովին, որի ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, համաժողովի ընթացքում հնչած զեկույցներից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակում համայնքների արդյունավետ կառավարմանն ուղղված վարչատարածքային բարեփոխումների, ակնկալվող արդյունքների ու խնդիրների վերաբերյալ: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ իրականացվելիք բարեփոխումների հիմքում պետք է առաջին հերթին դիտարկել բնակիչների հարմարավետությունը, նրանց կենցաղային պայմանների բարելավումը, համայնքներում կրթական, առողջապահական և այլ ծառայությունների որակյալ մատուցումը: Նախագահի համոզմամբ` վարչատարածքային բարեփոխումների առավելությունները պետք է տեսանելի լինեն բնակիչներին, որոնց ցանկության պարագայում էլ բարեփոխումները կարող են առաջ ընթանալ:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է «Ջերմուկ ռեզորթ» հանգստյան տան շինհրապարակ, ծանոթացել իրականացված ներդրումներին, ընթացիկ աշխատանքներին, որոնք, ըստ ծրագրի, կավարտվեն 2014թ. տարեվերջին: Հանրապետության Նախագահին զեկուցել են նաև Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրերի ընթացքի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում