Պաշտոնական

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն այլընտրանք չեն տեսնում ԼՂ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին

6 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն այլընտրանք չեն տեսնում ԼՂ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին

ՓԱՐԻԶ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցինՀՀՆախագահիաշխատակազմիհասարակայնության ևտեղեկատվությանմիջոցներիհետկապերիվարչությունից, հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Նախագահին ջերմ հյուրընկալության համար և նշել, որ իր համար մեծ հաճույք է վերստին այցելել բարեկամ Ֆրանսիա:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է նշել, որ երկու ժողովուրդների պատմական սերտ կապերից սնուցվող հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները վերջին քսան տարիների ընթացքում շարունակական զարգացում են ապրել` հասնելով պատմականորեն ամենաբարձր մակարդակին: Հայ-ֆրանսիական բարեկամությունը, Նախագահի բնորոշմամբ, այնքան խորը, ընդգրկուն և բազմաշերտ է, որ դժվար է մի քանի նախադասությամբ բնութագրել այն: Սերժ Սարգսյանի խոսքով` հարաբերությունների նման որակի երկու երկրները հասել են բարձրաստիճան քաղաքական երկխոսության պարբերականության, այդ թվում` Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների փոխայցերի, միջխորհրդարանական սերտ համագործակցության, մշակութային, կրթական, գիտական սերտ կապերի, ինչպես նաև տարբեր ոլորտների պատասխանատուների բնականոն շփումների շնորհիվ: Նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններում վերջին տարիներին բարձր մակարդակի այդ երկխոսությունը պահպանելու հրաշալի ավանդույթ է ձևավորվել՝ տարեկան առնվազն մեկ հանդիպում ունենալ նախագահների մակարդակով, որի ժամանակ քննարկվում են հայ-ֆրանսիական, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերը, տարածաշրջանային և գլոբալ հրատապ խնդիրները:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն այսօրվա հանդիպմանը ևս հանգամանորեն անդրադարձել են վերոնշյալ թեմաներին: Առևտրատնտեսական հարաբերությունների առումով Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել Հայաստանում ֆրանսիական գործարար ստվար համայնքի առկայությունն այնպիսի առաջատար ընկերություններով, ինչպիսիք են «Կարֆուրը», «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդի Ագրիկոլը», «Ալկատելը», «Վեոլիան», որոնց շուտով կավելանան նաև նորերը: Նախագահը կարևորել է ընթացիկ տարվանից մեկնարկած` Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցության ծրագրերը:

Նա ընդգծել է, որ հաջողությամբ է զարգանում նաև ապակենտրոնացված համագործակցությունը` գործընկերային սերտ կապեր են հաստատվել Հայաստանի և Ֆրանսիայի 30-ից ավելի տեղական իշխանությունների միջև: Այդ համատեքստում Ֆրանսիայի Նախագահը հատկապես կարևորել է այս տարվա հոկտեմբերի 15-17-ին Վալանսում կայանալիք ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համագումարը:

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերին` Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները գոհունակությամբ են արձանագրել, որ երկու երկրների խորհրդարաններում ակտիվ գործում են բարեկամության պատգամավորական խմբերը:

Արդեն մեկ տարի է, որ Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, և հաջողությամբ են զարգանում նաև հայ-ֆրանսիական մշակութային-կրթական կապերը:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը վերստին շնորհակալություն է հայտնել Ֆրանսուա Օլանդին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ֆրանսիական կողմի երկարամյա հետևողական ջանքերի համար: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները ևս մեկ անգամ ընդգծել են, որ այլընտրանք չեն տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում առանձնակի կարևորում են Ֆրանսիայի Նախագահի անձնական ներգրավվածությունն այս հարցում:

Զրուցակիցները մանրամասնորեն քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հեռանկարները: Նրանք համակարծիք են եղել այն հարցում, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել պահպանելու համագործակցության տեմպը և որակը, շարունակելու Հայաստանում բարեփոխումների գործընթացը, ինչի վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը: Նախագահ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան` որպես Հայաստանի բարեկամ և ԵՄ առաջատար պետություններից մեկը, որպես միջազգային խոշոր դերակատար, կշարունակի այսուհետ ևս աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը:

Հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահը վերստին իր երախտագիտությունն է հայտնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Ֆրանսիայի նշանակալի ներդրման համար:

Երկու բարեկամ երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի երկխոսության շարունակականությունն ապահովելու նպատակով, Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստան պետական այց կատարելու Նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված հրավերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում