Կարծիքներ

Եվրամիության դուռը Հայաստանի համար կիսաբաց է. Խոսրով Հարությունյան

5 րոպեի ընթերցում

Եվրամիության դուռը Հայաստանի համար կիսաբաց է. Խոսրով Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Մաքսային միությունն ընտրելով` Հայաստանն իր արտաքին քաղաքական դաշտում փոփոխություն չի արել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր, «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանը՝ խոսելով Հայաստանի որոշման մասին՝ անդամակցելու Մաքսային միությանը։ «Եվրոպական ուղղությունը մեզ համար ներկայանում էր որպես տնտեսությունը զարգացնելու նոր ուժ, սակայն զարգացումներն ընթացան այնպես, որ մեր հնարավորությունների աղբյուրը սկսեց դառնել նոր սպառնալիքների աղբյուր։ Եվրամիությունը ձգտում էր Հայաստանի ձեռքերով Ռուսաստանին դուրս մղել Կովկասից։ Սակայն ռուսական իշխանությունները դա շատ լավ էին հասկանում։ Հայաստանը Ռուսաստանի համար նույնքան կարևոր է, որքան Ռուսաստանը՝ Հայաստանի։ Կորցնելով Հայաստանը՝ Ռուսաստանը կկորցներ իր ազդեցությունը Կովկասում, իսկ դա անթույլատրելի էր նրա համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը Մաքսային միությանը միանալու պատրաստակամության մասին հայտարարեց ճիշտ ժամանակին։ «Եթե մենք այդ մասին հայտարարեինք այն ժամանակ, երբ Ռուսաստանը սկսեր ճնշումներ գործադրել, ապա մեր հայտարարությունն անարժեք կլիներ»,-հավելեց Հարությունյանը։

Խոսելով այն մասին, որ Եվրամիության համար անակնկալ էր Հայաստանի հայտարարությունը՝ Հարությունյանը նշեց, որ նրանք հաշվի չէին առել այն փաստը, որ Հայաստանի համար ներկա փուլում ամենակարևոր հարցն անվտանգության երկարատև երաշխիքներն ունենալն է։ «Մտնելով Մաքսային միության տարածք՝ Հայաստանի անվտանգությունը աներկբա է դառնում, ինչն էլ նվազեցնում է տնտեսական ռիսկերը և Հայաստանն ավելի գրավիչ դարձնում օտարերկրյա ներդրողների համար։ Եթե մեզ հաջողվի նաև ներմուծել եվրոպական փորձը օրենքի գերակայության ոլորտում, ապա մենք կկարողնանք ձևավորել ուժեղ տնտեսություն։ Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Եվրամիության դուռը մեզ համար կիսաբաց է»,-ասաց Հարությունյանը։ Նրա խոսքով՝ Եվամիության հետ համագործակցելու եզրեր դեռ կարելի է գտնել։

Մաքսային միությանն անդամակցելուց հետո չի բացառվում որոշ ապրանքնատեսակնրի գնաճը, սակայն պետք է հաշվի առնել, որ հայկական ապրանքները ձեռք կբերեն արտահանման համար երաշխավորված շուկա։ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանը ձեռք է բերում մոտավորապես 250 միլիոնանոց շուկա, որը քիչ չէ երկրի տնտեսության ծավալների համար։ «Եվրամիություն մենք արտահանում ենք միայն հումք՝ պղինձ, մոլիբդեն, երկաթ, մինչդեռ մնացած արտադրանքը հիմնականում գնում է ԱՊՀ երկրներ։ Հետևաբար մենք կարող ենք, օգտագործելով Մաքսային միության պարագան, պահանջել այնպիսի մաքսատուրքեր այդ ապրանքների նկատմամբ, որոնք կարող են ապահովել հարմար պայմաններ հայկական ապրանքների սպառման համար։ Սակայն պետք է հաշվի առնել, որ Մաքսայի միության տարածքում մաքսային քաղաքականությունը իրականացվելու է վերազգային կառույցների միջոցով, և մենք մեր լիազարությունները պատվիրակելու են այդ կառույցներին»,-ասաց Հարությունյանը։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը պետք է կարողնանա նաև ապահովել տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում։ «Աշխարհում արագ զարգացող երկրները իրենց տնտեսությունները զարգացնելու համար փորձում են ներգրավել ուժեղ և միջազգային համարում ունեցող կազմակերպությունների, եթե մեզ ևս հաջողվի նման ընկերություններ ներգրավել մեր ազգային տարածք, ապա Հայաստանը ոչ միայն կունենա հնարավորություն ձևավորել բարձր արտադրողականություն և աշխատատեղեր, այլև կբացվեն նոր շուկաներ։ Դրանք կլինեն լուրջ երաշխիքներ մեր տնտեսության համար»,-համոզված է Հարությունյանը։

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նպատակադրումը եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագա զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում