Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հանրապետության Նախագահի մամուլի ծառայությունից: Նախագահը Գյումրիում ներկա է գտնվել Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը, շրջել հիմնանորոգված ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված վերակառուցման աշխատանքներին, որից հետո դիտել է դպրոցի սաների կատարմամբ կայացած համերգը և խորհրդանշական ծառատունկ կատարել դպրոցի բակում:
1976թ.-ին հիմնադրված այդ դպրոցը, որն ավերվել էր 1988թ.-ի երկրաշարժի ժամանակ և 1990թ.-ից ուսումնական գործընթացը վերսկսել տնակային պայմաններում, կառուցվել է 2012-2013թթ.-ին «Մեդիամաքս» մեդիա-ընկերության, Հայ օգնության ֆոնդի և Do something կազմակերպության օժանդակությամբ: Դպրոցի կառուցման նախաձեռնությանն աջակցել են գլխավոր նվիրատուներ Մարդիգյան ընտանիքի հիմնադրամը, համաշխարհային ճանաչում ունեցող ռոք-երաժիշտներ Իէն Գիլանը, Թոնի Այոմին, «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունը, նաև բազմաթիվ այլ նվիրատուներ՝ ՀՀ կառավարությունը, բարերարներ, մի շարք մասնավոր ընկերություններ:
Հանրապետության Նախագահն այցելել է նաև Գյումրու «Արագած» ճեմափողոց, որտեղ նրան ներկայացվել են փողոցի հիմնանորոգման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նախագահին զեկուցվել է, որ 1960-ականներին կառուցված «Արագած» ճեմափողոցը, որը միացնում է Հաղթանակի պողոտան Վարդանանց հրապարակին, 1988թ.-ի երկրաշարժից հետո մինչև 2012թ.-ն բարեկարգման ու ասֆալտապատման աշխատանքների չի ենթարկվել: Գյումրի համայնքի բյուջեի միջոցների հաշվին 2012թ.-ի հունիս-նոյեմբերին և 2013թ.-ին իրականացվել են ճեմափողոցի հիմնանորոգման ծավալուն աշխատանքներ:
Հանրապետության Նախագահը Գյումրիում այցելել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքում բացված «Խաչքարերի պուրակ», որտեղ ներկա է գտնվել «Գյումրին 2013թ.-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 19-22-ն անցկացվող «Արհեստների և արվեստների փառատոնին», այնուհետև Վարդանանց հրապարակում դիտել է «Արտ էքսպո» առաջին միջազգային ցուցահանդեսը: Շրջայցի ճանապարհին Նախագահն այցելել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի և ծանոթացել իրականացվող վերանորոգման աշխատանքներին:
Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Գյումրու քաղաքապետարանում՝ քաղաքի զարգացման ծրագրերի, իրականացված աշխատանքների, այդ թվում՝ աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի ու առկա խնդիրների վերաբերյալ: Ընդգծելով, որ շարունակվելու է Շիրակի մարզին, այդ թվում՝ Գյումրի քաղաքին պետական աջակցությունը բնակարանաշինության, քաղաքի բարեկարգման և մի շարք այլ ուղղություններով՝ Նախագահը միաժամանակ կարևորել է տեղական իշխանությունների ակտիվ աշխատանքը ինչպես առկա խնդիրների լուծման, այնպես էլ զարգացման ծրագրերի իրականացման գործում: Զեկույցներով հանդես են եկել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Շիրակի մարզից ՀՀ ԱԺ պատգամավորներ, Նախագահի աշխատակազմի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ: Նախագահը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող`խորհրդակցության թեմայի վերաբերյալ հարցերին, տվել համապատասխան հանձնարարականներ:









