ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը մի քանի օր առաջ մասնակցել է Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կայացած World Stage Design հեղինակավոր փառատոնին: Ներկայացումը մեծ տպավորություն է թողել հատկապես Միացյալ Թագավորության հայկական համայնքի ներկայացուցիչների վրա:
«Այս տարի առաջին անգամ փառատոնին մասնակցեցին 100 երկրի թատերական խմբեր: Հայաստանը World Stage Design-ին մասնակցում էր առաջին անգամ: Մենք երկու ելույթ ենք ունեցել սեպտեմբերի 14-ին: Քարդիֆ էինք մեկնել 6 հոգով, իսկ մեր ճանապարհածախսը հոգացել էր ՀՀ մշակույթի նախարարությունը:Առաջին ներկայացումից առաջ բավական նյարդայնացած էի, որովհետև բեմը մեզ տրամադրեցին ներկայացումից ընդամենը մի քանի ժամ առաջ, և ես չէի կարծում, որ մենք կկարողանանք ամեն ինչ հասցնել: Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի շնորհիվ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանը:
Հայկական համայնքի ներկայացուցիչները ևս մասնակցեցին «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացման ցուցադրությանը: Մեր պատվիրակության անդամները բրիտանաբնակ հայերի հետ զրուցեցին ներկայացման և Հայաստանի մասին: «Նրանք չէին սպասում, որ ներկայացումն այդքան լավը կլինի: Նշեցին, որ շատ հպարտ են և երջանիկ: Ես և Ռուբեն Բաբայանն արդեն բազմաթիվ շնորհավորական նամակներ ենք ստացել ներկայացումը հավանած մարդկանցից»,-պատմեց Գրիգորյանը:
Բացի դրանից, Միացյալ Թագավորություն մեկնած թատրոնի անձնակազմը փառատոնի շրջանակում մասնակցել է նաև վարպետության դասերի և տարատեսակ workshop-երի:
Դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի պիեսի հիման վրա ստեղծված «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը վերջին մի քանի տարվա ընթացքում հասցրել է սիրվել և գնահատվել ոչ միայն Հայաստանում, այլև` աշխարհի մի քանի երկրներում: Ներկայացումն արտացոլում է կույր աղջկա ներաշխարհը՝ հուզելով և զարմացնելով հանդիսատեսին` անկախ սեռից, տարիքից, ազգությունից: