Տարածաշրջանային

Դինքի սպանության բացահայտումը բանալի է նաեւ մյուս քաղաքական հանցագործությունների համար. Ֆեթհիյե Չեթին

4 րոպեի ընթերցում

Դինքի սպանության բացահայտումը բանալի է նաեւ մյուս քաղաքական հանցագործությունների համար. Ֆեթհիյե Չեթին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական պետությունը ջանում է մոռացության տալ Հրանտ Դինքի սպանությունը, սակայն թուրք հասարակությունը չի մոռանում այս հանցագործությունը և հրաժարվում է դառնալ դրա հանցակիցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրել է Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինն իր հրապարակած նոր` «Ամաչում եմ. Հրանտ Դինքի սպանության դատավարությունը» գրքում: Թուրքական Radikal պարբերականը հրապարակել է Չեթինի գրքի մի շարք հատվածներ, որոնք վերաբերում են Դինքի սպանության և հանցագործության հետևում կանգնած խմբավորման բացահայտման վերաբերյալ հեղինակի մտորումներին:

«Հրանտ Դինքը ինչպես իր կենդանության օրոք, այնպես էլ մահից հետո շարունակում է այս երկրի բոլոր ցավերի բուժումը տալ: Այս հանցագործության բացահայտումը մեզ կտա մի բանալի, որով կբացահայենք նաև դրանից առաջ գործված քաղաքական հանցագործությունները: Հենց այս պատճառով է, որ չնայած պետության բոլոր մարմինների կողմից հանցագործությունը թաքցնելու և մոռացության տալու ջանքերին` այդուհանդերձ, հասարակությունը այն չի մոռանում և մերժում է դառնալ հանցագործության հանցակիցը, քանի որ գիտենք, որ բացահայտելով հանցագործությունը, կլուսավորենք նաև երկիրը»,- իր գրքում գրում է Ֆեթհիյե Չեթինը:

«Ամաչում եմ» գիրքը բաղկացած է երկու բաժնից: Առաջինում ներկայացվում են նախքան հունվարի 19-ը` Դինքի սպանությունը եղած իրադարձությունները, իսկ երկրորդում արդեն հանցագործությանը հաջորդած դեպքերը:

Դինքի սպանության բացահայտման գործով փաստաբան Ֆեթհիյե Չեթինն ավելի վաղ իր գրքում գրել էր հետևյալը. «2010 թվականի մարտի 16-ին բջջային հեռախոսիս փակ համարից զանգահարեց մի մարդ, ով ներկայացավ Ռամազան անունով և ասաց, որ աշխատում է Ազգային անվտանգության ծառայության Արևելյան Անատոլիայի շրջանի գլխավոր վարչությունում` որպես ծածկագրեր և գաղտնաբառեր մշակող մասնագետ: Նա ասաց, որ իր ձեռքում կան Դինքի սպանության հետ կապված կարևոր փաստաթղթեր, որոնք կկարողանա մեզ տալ այն դեպքում, եթե մենք գնանք Հալեպում Ֆրանսիայի հյուպատոսարան»: Նա պատմել էր, թե ինչպես է մեկ այլ փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո կապ հաստատել Ռամազանի հետ և Skype-ի միջոցով խոսել նրա հետ: Ռամազանը Չեթինին ցույց է տվել Ազգային հետախուզական ծառայության խորհրդանշով փաստաթղթեր, որոնց վրա գրված է եղել` «Գաղտնի է»: Անհայտ անձը հայտնել է, որ բոլոր այդ փաստաթղթերը գրված են ծածկագրերով: Դինքի փաստաբանը պատմել է, թե ինչպես Կիրիլյան այբուբենի միջոցով կարողացել է փաստաթղթերում առկա թվերով դուրս բերել «Հրանտ» անունը:

Հրանտ Դինքը թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանվել է 2007 թ-ի հունվարի 19-ին` «Ակոս» թերթի խմբագրատան առջեւ: Նրա հուղարկավորության օրը հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ` «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ ենք» կարգախոսներով: 2012 թ-ի հունվարի 17-ին Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր է ճանաչել հանցագործությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ եւ ցմահ ազատազրկման դատապարել: Օգյուն Սամասթը սպանություն իրագործելու պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է, որ սպանությունը կազմակերպված հանցագործություն չէ, եւ հանել էր ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ կասկածվող 19 անձանց ներկայացված մեղադրյանքները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում