Իրավունք

Ռուբեն Սահակյանը ձախողել է Տիգրան Խաչատրյանի գործը. Տիգրան Աթանեսյան

3 րոպեի ընթերցում

Ռուբեն Սահակյանը ձախողել է Տիգրան Խաչատրյանի գործը. Տիգրան Աթանեսյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու`Տիգրան Խաչատրյանի գործն ունի հասարակական հստակ գնահատական: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը, գուցե մարդիկ այն ճիշտ չեն գնահատում, կամ` գուցե իսկապետ արդար որոշում է կայացվել: «Անկախ ամեն ինչից` հարկավոր էր հասարակությանը պատասխան տալ և բացատրել, թե ինչ է կատարվել: Ռուբեն Սահակյանը` որպես փաստաբան, ձախողել է գործը: Ճիշտ է` Տիգրան Խաչատրյանն ազատության մեջ է, բայց բոլորի մոտ տպավորություն է, որ նա ազատվել է բոլորովին այլ պատճառներով, և ոչ թե այն բանի համար, որ անհարաժեշտ ինքնապաշտպանության է իրագործել»,-ասաց Տիգրան Աթանեսյանը:

Նրա կարծիքով` աղմուկ չէր առաջանա, եթե մարդկանց ապացուցեին, որ իսկապես գործն արդար է քննվել: Հետևաբար, պետք էր ներկայացնել քննիչի որոշումը: «Միգուցե քննիչը շատ գրագետ, պատճառաբանված, հիմնավոր որոշում է գրել: Միգուցե շատ լավ մարդ է Տիգրան Խաչատրյանը, հետո՞ ինչ, որ Սուրիկ Խաչատրյանի որդին է: Միգուցե իսկապես պաշտպանել է իր տունը: Պաշտպանն այդ պատասխանը պետք է տա մարդկանց: Եթե պաշտպանել է, լավ է արել: Ճիշտ է` մարդ է մահացել, բայց նա էլ իր տունն է պաշտպանել»,- նշեց նա` ավելացնելով, որ հենց այս հարցի պատասխանը մութ մնաց:

Տիգրան Աթանեսյանն անդրադարձավ և համեմատականներ տարավ նաև Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ, հացադուլի մեջ գտնվող Արամ Մուղալյանի և նրա երեք ընկերների գործի հետ, ովքեր արդեն 4 ամիս է` գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Նրա դիտարկմամբ` այս գործն ընդամենը մեկ ականջ քաշելու գործ է: «Ես, իհարկե, հասկանում եմ, որ գյուղացին վախենում է իր աչքին լպիրշ երևացող տղաներից, բայց չի կարելի դրա համար մարդուն կալանավորել, նույնիսկ եթե նրանք մեղավոր են: Գյուղացու դեզը վառելու համար կարիք չկա գործ հարուցելու: Կարելի էր ներողություն խնդրել գյուղացուց և փոխհատուցում պահանջել: Իսկ այս դեպքում 4 ճակատագիր են ոչնչացնում»,- նշեց նա` հավելելով, որ «դեպքը դատավորների մորթապաշտության հետևանք է: Դատավորների զգալի մասը չունի անկախություն և ինքնուրույնություն: Նրանց պետք է տրվի այդ ինքնուրույնությունը»:

Արմավիրի մարզի քնչական բաժինը 2013թ.-ի ապրիլի 17-ին ձերբակալել, այնուհետև կալանավորել է Արամ Մուղալյանին ու նրա 3 ընկերներին` նրանց վերագրելով Նորապատ գյուղում 1 տարի առաջ անհայտ անձանց կողմից վառված դեզի չբացահայտված գործը: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գյուղից դուրս այրել են գետնին թափված ոչ պիտանի հարդը, որի հետևանքով տեղ-տեղ խանձվել է շան մազը և ծխահարվել մոտ 36 հազար դրամի արժողությամբ 30 կապ խոտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում