ՓՊ նախագահը նշում է, որ Տիգրան Խաչատրյանի գործողությունները հստակորեն ինքնապաշտպանություն են
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ հարուցված քրեական գործին կցված ապացույցները հստակորեն խոսում են այն մասին, որ Տիգրան Խաչատրյանի գործողությունները լիովին ինքնապաշտպանություն էին: Այս մասին սեպտեմբերի 10-ին հրավիրված ասուլիսում ասաց Փաստաբանական պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: «Եթե քեզ վտանգ է սպառնում, իսկ սպառնացողի ձեռքին կա հրազեն, դու բարոյական իրավունք չունես չպաշտպանվելու: Նա պաշտպանվել է, տեսել է, որ իր մայրը, տան աշխատակիցն ու Ավետիք Բուդաղյանը փորձել են խլել Արտակ Բուդաղյանի ձեռքի հրազենը: Այստեղ հարց է առաջանում. ինչու է Արտակը փորձում խլել այն, քանի որ նա նույնպես չգիտի, որ հրազենը լիցքավորված չէ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ռուբեն Սահակյանը` ավելացնելով, որ Տիգրանը կրակել է 6 անգամ, որից 3-ը կպել է Ավետիք Բուդաղյանին: Նա պնդում է, որ Տիգրանի զենքն ապօրինի էր, բայց դրանով վերջինս պաշտպանվում էր, իսկ այդ զենքն օրինական է եղել Սուրիկ Խաչատրյանի համար: Այսինքն` Տիգրանի համար այն ապօրինի է եղել այն պահից, երբ նա զենքը վերցրել է հոր ննջասենյակի պահարանից և կիրառել այն:
Զարզանդ Նիկողոսյանի դատապաշտպան Մարտին Զիլֆուղարյանն էլ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը կրակել է 6 անգամ: «Նա պրոֆեսիոնալ հրաձիգ է, չէր կարող 4-5 մետրից վրիպել»,-ասաց նա` լրագրողներին փոխանցելով Զարզանդ Նիկողոսյանի` հրաձգության համար ստացած պատվոգրերը:
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնից հայտնել են, որ ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող` 2013թ.-ի հունիսի 1-ին, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները ցույց են տվել, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են: Անցկացվել է բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծություն և այլ ապացույցների հետ համադրում:Որոշում է կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: