Զարզանդ Նիկողոսյանը և Տիգրան Խաչատրյանն ազատ կարձակվեն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից:
ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության Հատուկ կարևորության գործերով քննչական բաժնի վարույթում քննվող` 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման և ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:
Վերոգրյալը հիմք ընդունելով` սեպտեմբերի 7-ին որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Միաժամանակ պարզաբանվել է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 263 հոդվածի կարգով` քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, դրանց պատճենն ստանալուց 7 օրվա ընթացքում կարող են բողոքարկվել վերադաս դատախազինմեղադրյալների, նրանց պաշտպանների, տուժողների, նրանց ներկայացուցիչների կողմից: