Հրայր Թովմասյանը տեսնում է Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա՝ իրավունքի գերակայության, իշխանությունների թեւերի միջեւ հակակշիռների մեխանիզմների, մարդու իրավունքների ամրագրման եւ այլ նպատակներից ելնելով: Այս գնահատականը սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար հանձնաժողով ստեղծելու՝ ՀՀ նախագահի նախաձեռնությանը:«Բարեփոխումների կարիքն իսկապես կար, դրա համար Նախագահ Սարգսյանը ստեղծեց համապատասխան հանձնաժողովը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարզաբանեց նախարարը:
Թե ինչ բարեփոխումներ են նախատեսված՝ Հրայր Թովմասյանը դժվարարցավ պատասխանել՝ ընդգծելով, որ հենց այդ բարեփոխումների ուղղությունները որոշելու համար էլ ստեղծվել է հանձնաժողովը: «Եթե ես իմանայի, թե ինչ բարեփոխումներ են նախատեսվում, միանգամից կանցնեինք դրանց իրականացմանը, սակայն կա հանձնաժողով, որը կուսումնասիրի, մասնագիտական քննարկումներ կանցկացնի, ինչից հետո հանրությանը կներկայացնի բարեփոխումների ծրագիրը»,- ասաց Թովմասյանը՝ ընդգծելով, որ այդ ծրագիրը կքննարկվի նաեւ քաղաքական ուժերի հետ:
ՀՀ Նախագահի` սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին սեպտեմբերի 4-ի հրամանագրում, մասնավորապես, նշված է, որ որոշումը պայմանավորվում է իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, մասնագիտական հանձնաժողովի քարտուղարն է ՀՀ Նախագահի ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանը: Մինչև 2014 թվականի ապրիլի 20-ը հանձնաժողովը պետք է Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: