Վազգեն Սաֆարյանը Հայաստանի արդյունաբերական զարգացումը կապում է Եվրասիական տնտեսական ընկերակցությանն ինտեգրվելու հետ
3 րոպեի ընթերցում
![Վազգեն Սաֆարյանը Հայաստանի արդյունաբերական զարգացումը կապում է Եվրասիական տնտեսական ընկերակցությանն ինտեգրվելու հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/08/729793.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է հումքի փոխարեն պատրաստի արտադրանք արտահանի Եվրամիության երկրներ: Օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս կարծիքը հայտնեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա տվյալներով` 2010թ.-ին Հայաստանը ԵՄ երկրներ արտահանել է 501 միլիոն ԱՄՆ դոլարի, 2011թ.-ին՝ 607 միլիոն, 2012թ.-ին՝ 560 միլիոն դոլարիապրանքներ: Միաժամանակ, Եվրասիական տնտեսական ընկերակցությանՄաքսային միության անդամ երկրներ 2010թ.-ին Հայաստանից արտահանվել է 146 միլիոն դոլարի, 2011թ.-ին՝ 232 միլիոն եւ 2012-ին՝ 290 միլիոն դոլարիապրանքներ: Սաֆարյանը նշեց, որ ՀՀ-ից ԵՄ երկրներ արտահանման ծավալները նվազել են, մինչդեռ Մաքսային միության երկրներ արտահանման ծավալների աճ է արձանագրվել: «Ես այն կարծիքին եմ, որ մենք պիտի Եվրոպային ոչ թե հումք արտահանենք, այլ պատրաստի արտադրանք` կլինի դա ռաֆինացված պղինձ, կլինի դա արդեն 99 տոկոսանոց մաքրության մոլիբդեն կամ 99,9 տոկոսանոց ոսկի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սաֆարյանը՝ կարեւորելով Հայաստանի արդյունաբերական հեղինակության վերականգնումը:
Անդրադառնալով ԵՄ-ՀՀ Ասոցացման համաձայնագրին՝ Միության նախագահը նշեց, որ ծանոթ չէ դրա բովանդակությանը, սակայն պարզաբանեց, որ ըստ մասնագետների` համաձայնագիրը որոշակի հեռանկարներ է բացում Հայաստանի առջեւ: «Արդյունաբերության բնագավառում մենք կարող ենք ինտեգրվել ռուսաստանյան շուկային եւ, օգտվելով դրանից` արդեն կայուն արդյունաբերություն եւ զբաղվածության բարձ մակարդակ ունենալուց հետո կարող ենք մտնել Եվրոպա»,- ասաց Սաֆարյանը:
Նրա կարծիքով՝ տնտեսության ներկա մակարդակով («հումքային կցորդի») Հայաստանի ինտեգրումը եվրոպական շուկային կխորացնի կախվածությունը Եվրամիությունից:
Հայաստանը քննարկում է ԵՄ-ի Ասոցացված անդամ դառնալու հարցը: Ծրագրվում է մինչեւ 2013թ.-ի նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովն ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ` Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցությունները: Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են 2010թ.-ից: Հայաստանը քննարկում է նաեւ Մաքսային միությանն անդամակցելու ձեւաչափի հետ կապված հարցեր:
Եվրամիությանն անդամակցում են 28 երկրներ (2012թ.-ի ընդհանուր ՀՆԱ-ն մոտ 16 տրիլիոն դոլար է), իսկ Եվրասիական տնտեսական ընկերակցության Մաքսային միության անդամներեն Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը, որոնց ընդհանուր ՀՆԱ-ն 2012թ.-ին կազմել է մոտ3 տրիլիոն դոլար: