Յուրա Մովսիսյանի գոլը լավագույնն է ճանաչվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պրեմիեր լիգայի 4-րդ տուրի լավագույն գոլ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ Կրասնոդարի «Կուբան»-ի դարպասն ուղարկած գնդակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական առաջատար մարզական կայքերից Sportbox.ru-ն հարցում է անցկացրել՝ տուրի լավագույն գոլը որոշելու համար, որի արդյունքներով հաղթող է ճանաչվել Յուրա Մովսիսյանը:
Յուրա Մովսիսյանը հաղթել է՝ հավաքելով ձայների 73 տոկոսը: Երկրորդ տեղում «Զենիթ»-ի կիսապաշտպան Դանին է, երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Սպարտակ»-ի արդեն նախկին հարձակվող Էմանուել Էմենիկեն, ով քիչ առաջ պայմանագիր է ստորագրել թուրքական «Ֆեներբախչե»-ի հետ:
Ռուսական պրեմիեր լիգայի 4-րդ տուրի «Կուբան»-ի դեմ խաղում Յուրա Մովսիսյանն ընդգրկված էր պահեստայինների նստարանին: Նա խաղադաշտ դուրս եկավ միայն հանդիպման 70-րդ րոպեին եւ քիչ անց հեռահար գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ իր թիմին փրկելով պարտությունից: