ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը քաղաքապետարանի դիմաց նստացույց անցկացնող ակտիվիստների հրապարակային դիմումի հիման վրա վարույթ է հարուցել և բարձրացված խնդիրների վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի հնարավորին սեղմ ժամկետներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, պաշտպանի աշխատակազմը վերջին 11 օրերի ընթացքում մշտապես արձագանքել է ակտիվիստների կողմից Պաշտպանի «116 թեժ գծով» ստացված ահազանգերին: Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներ Անդրեյ Աղամալյանը և Հաբեթ Մարտիրոսյանը մշտապես հետևել և անհրաժեշտության դեպքում ներկա են գտնվել հավաքին:
Միևնույն ժամանակ Պաշտպանի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով խորհրդական Արմեն Գրիգորյանը պարբերաբար այցելել է ակտիվիստներին՝ նրանց տրամադրելով իրավաբանական խորհրդատվություն: