Տարածաշրջանային

Մուշի հայկական տների ոչնչացումը մասամբ դադարել է

4 րոպեի ընթերցում

Մուշի հայկական տների ոչնչացումը մասամբ դադարել է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մուշի Քալե թաղամասում գտնվող հայկական շինությունները քանդելու գործընթացը մասամբ կանգ է առել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Radikal պարբերականը, այս մասին տեղեկացնում են Վանի պաշտպանության կոմիտեից:

Անատոլիայում հայկական ժառանգության հետ կապված աշխատանքներ իրականացնող Գարո Պայլանը, խոսելով Քալե թաղամասում հայկական տների քանդման աշխատանքների մասին, նշել է. «Վանի պաշտպանության կոմիտեի անդամները մեկ տուն են գրանցել: Օրիգինալ ճարտարապետության պահպանման համար անհրաժեշտ է կամ շարունակել ամենաքիչը երկու փողոցի վրա գտնվող տների գրանցումը, կամ էլ պաշպանության կոմիտեի կողմից այս տարածքը հատուկ պաշտպանական տարածք հայտարարել»: Պայլանը նշել է, որ Մուշում հայկական հետքերը շարունակվում են պահպանվել, սակայն թաղամասի 80 տոկոսն արդեն քանդվել է:

«Ոչնչացվում է ոչ միայն հայերի, այլ նաև Մուշ քաղաքի պատմությունը: Մուշում մի ժամանակ կար 299 եկեղեցի, 94 վանք, 53 սրբավայր և 135 դպրոց, որտեղ կարող էին սովորել 5 հազար 699 աշակերտ: Սակայն դրանք հատ առ հատ ոչնչացվեցին: Մնացած 3 փողոցների պահպանության համար նախաձեռնություն ենք սկսել: Անատոլիայի հայկական կառույցներն արագորեն ոչնչացվում են»,- նշել է Պայլանը: Նա պատմել է, թե ինչպես են այցելել Մուշի Սուրբ Կարապետ վանք, որը վերածվել էր ախոռի, նաեւ թե ինչպես են գյուղի երեխաները վաճառում հայկական շինություններից հանված խաչի պատկերներով 1500-ամյա քարերը: «Ասես գաղտնի համաձայնություն կա վերացնելու այն ամենը, ինչ պատկանում է հայերին»,- ցավով արձանագրում է Գարո Պայլանը:

Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը (TOKİ) «քաղաքային վերակառուցում» նախագծի շրջանակում նախատեսում է Մուշի Քալե թաղամասի պատմական հայկական տների փոխարեն կառուցել 864 բնակելի տներ և 107 գրասենյակներ: Շուրջ 60 հազար քառակուսի մետր զբաղեցնող տարածքում վերակառուցումներ իրականացնելու վերաբերյալ վարչությունը համաձայնության է եկել բնակիչների 85 տոկոսի հետ:

Մուշի Քալե թաղամասում գտնվող տների ներկայիս բնակիչներից շատերը հրաժարվում են վարչության տրամադրած փողերի դիմաց թողնել և հեռանալ: Սակայն, ի պատասխան նրանց բողոքների` TOKİ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ամեն դեպքում քանդելու են տները, և եթե բնակիչները կամավոր չհեռանան, ապա նրանց իրերն էլ կմնան փլատակների տակ:

Մուշի պատմական հայկական տները քանդելու դեմ Թուրքիայում էլեկտրոնային ստորագրահավաք է սկսվել, որի նախաձեռնողները կոչ են արել միանալ և արգելել հայկական պատմական վերջին հետքերի ոչնչացումը Մուշում: «Հայերը, հույները, ասորիները համակարգված կերպով կոտորածի են ենթարկվում: 1915 թվականի ցեղասպանությամբ սկսված գործընթացն այսօր շարունակվում է որպես մշակութային և տնտեսական ցեղասպանություն: Սրա նպատակն առավելագույն շահույթ ստանալն է, ինչպես նաև հավաքական հիշողությունը ոչնչացնելը: Մշակույթ ոչնչացնելը մարդկություն ոչնչացնել է նշանակում: Սա պատմական կոտորած է: Հանուն ժողովուրդների եղբայրության և հավասարության դու էլ քո ստորագրությամբ կանխիր այս կործանումը»,- նշվում է հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում