Տարածաշրջանային

Թուրք արվեստաբանն ահազանգել է հայկական Սուրբ Թովմաս վանքի փլուզման մասին

2 րոպեի ընթերցում

Թուրք արվեստաբանն ահազանգել է հայկական Սուրբ Թովմաս վանքի փլուզման մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանի Գևաշ գավառի Ալթընսաչ (Գանձակ) գյուղում գտնվող հայկական Սուրբ Թովմաս վանքը մատնվել է բախտի քմահաճույքին: Արկածախնդիր գանձ որոնողների կողմից իրականացրած գործողությունների արդյունքում այժմ վանքը գտնվում է փլուզման եզրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այս մասին ահազանգել է Վանի «Հարյուրերորդ տարի» համալսարանի արվեստաբան Մեսութ Գյուլը:«Տարածաշրջանում իսլամական ճարտարապետությանը տրվող արժեքը պետք է տրվի նաև հայկական վանքերին: Որպեսզի դադարեցվի տեղացի ժողովրդի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացումը, անհրաժեշտ է դրանց ծանոթ դարձնել և համեմատել իսլամական ճարտարապետության հետ: Որպեսզի կանխվի կառույցներին տրվող վնասը, հասարակությանը պետք է ավելի գիտակից դարձնել»,-ընդգծել է Գյուլը: Նրա խոսքով` եկեղեցին մինչ օրս չի առնվել Շրջակայքի և զբոսաշրջության վարչության խնամակալության տակ և լքված վիճակում է: Վանքից 100 մետր արևմուտք հայկական գերեզմանատունն է, որտեղ դեռևս պահպանվել են մեծ թվով նախշազարդ տապանաքարեր:

Մեսութ Գյուլն ահազանգել է, որ առանց պահպանման մնացած եկեղեցին բազմիցս ենթարկվում է տարբեր հարձակումների: Մասնավորապես գանձեր որոնողներն ապօրինաբար փոսեր են փորում եկեղեցու ներսում և պատերի վրա, ինչի արդյունքում այն կանգնել է փլուզման եզրին:

Պատմիչ Թովմա Արծրունու վկայությամբ` վանքը կառուցվել է 10-11-րդ դարերում Մանուել ճարտարապետի կողմից: Եկեղեցու վրա առկա հայատառ գրության համաձայն` այն վերանորոգվել է 1581 թվականին, իսկ 1671-ին կառուցվել են վանքի շուրջ կանգնած պարիսպները: 1801 թվականին այն կրկին վերանորոգվում է, իսկ արդեն 1895 թվականից մինչ օրս լքյալ վիճակում է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում