Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի դեմքին ժպիտ է տեսել ընտանիքի ողջույնները փոխանցելու ժամանակ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր Մոսկվա»-ում խոշոր վթարի առնչությամբ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի արտահանձնման հնարավորությունը կարող է քննարկվել դատարանի վճռից հետո, մինչ դատը վաղաժամ է այդ մասին խոսել: Այս մասին հուլիսի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:«Մեր ուսումնասիրության և զրույցների ընթացքում խնդիրն առաջին հերթին դրվում է ոչ թե արտահանձնման, այլ այնտեղ արդար դատավարության ապահովման վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Անդրեասյանը: Նա «Մատրոսկայա տիշինա» կալանավայրումհանդիպել է Հրաչյա Հարությունյանի հետ: Դա եղել է վերջին հանդիպումը, որի կազմակերպումը շատ դժվար է իրագործվել:«Ռուսաստանում ՀՀ դեսպանության կողմից հերոսական ջանքեր պահանջվեցին այդ հանդիպումը մեկ օրում կազմակերպելու համար»,-ասաց Կարեն Անդրեասյանը` հավելելով, որհանիդիպել է նաև ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հետ, որից հետ հանդիպել է Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, ունեցել է տարբեր քննարկումներ:

Օմբուդսմենի տեղեկացմամբ` Հրաչյա Հարությունյանը շատ դանդաղ է ապաքինվում: «Երբ ընտանիքից ողջույններ էի փոխանցում, նա կարողացավ նույնիսկ ժպտալ, և դեպրեսիայից աստիճանաբար դուրս է գալիս»,-նշեց Անդրեասյանը:

«Եղել է հանդիպում նաև Ռուսաստանի մարդու իրավուքների հանձնակատարի հետ, եղել է մասնագիտական աշխատանք փաստաբանների հետ: Ձևավորվել է որոշակի մարտավարություն, որը կօգնի այս օրերի ընթացքում և ապագայում ևս Հրաչյայի իրավուքները պաշտպանելու համար, և նա իրեն ավելի լավ կզգա»,-ասաց Մարդու իրավուքների պաշտպանը:

Անդրադառնալով Հրաչյա Հարությունյանին խալաթ հագցնելու հարցին` Անդրեասյանը նշեց, որ խալաթի պատմությունը ՌԴ մարդու իրավուքների հանձնակատարի հետ քննարկման ժամանակ դարձյալ բարձրացվել է և ասվել է, որ պետք է արվի քննություն, որի պատասխանը պաշտոնապես կստանանք: «Այդ քննությունը կարող է տևել շաբաթներ, ես ձեզ խնդրում եմ զինվել համբերությամբ: Ժամանակն է, որ մենք կենտրոնանանք արդար դատաքննության վրա»,-ասաց Անդրեասյանը` հավելելով, որ փաստաբանի դիմումը ևս կա Մարդու իրավուքների պաշտպանին և առաջիկա օրերին այդ դիմումի հիման վրա վարույթ կսկսվի:

ՄԻՊ-ը նաև հայտնեց, որ Հրաչյա Հարությունյանի խցում կան ևս վեց հոգի, բայց պայմանները շատ բարվոք են.ազգային խտրականության խնդիր չկա:«Ես կուզեի ասել, որ այս միջադեպը շատ վտանգավոր է վերածել ռուս-հայկական հարաբերությունների կոնտեքստում: Միևնույն ժամանակ որևէ մեկը չի արգելելու որևէ մեկին վրդովվել, մանավանդ եթե կա մարդու իրավուքների խախտում»,-նշեց Անդրեասյանը:

Նա նաև ընդգծեց, որ «տխրահռչակ լրագրողներից մեկի ռեպորտաժը կարող էր ազգամիջյան խնդրի պատճառ դառնալ, քանզի բոլորը գիտեն, որ չի կարելի նման դեպքում շեշտել ազգային պատկանելությունը, ինչպես նաև իրեն թույլ տալ գռեհիկ արտահայտություն` «բառաչել»: Մեզ համար ողջունելի էր ՌԴ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը, իրենք ևս դատապարտում են նման լրագրությունը»,-եզրափակեց բանախոսը:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով Մոսկվա է մեկնել հուլիսի 21-ին: Կարեն Անդրեասյանը գործը քննարկելու էր Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ: Այցի շրջանակներում նախատեսվում էր հանդիպումներ խնդրի հետ առնչություն ունեցող մի շարք պաշտոնյանների, հայ համայնքի ներկայացուցիչների և այլ շահագրիգիռ անձանց հետ: Հրաչյա Հարությունյանը կալանավորվել էր Նոր Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարում իր մասնակցության առնչությամբ: Ավտովթարի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, 30-ը վիրավորվել էին:

Հայերեն Русский