Թուրքական Taraf պարբերականը արձանագրել է Թուրքիայի տարածքում հայկական շինությունների ավերն ու թալանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական հայտնի Taraf պարբերականն անդրադարձել է Թուրքիայի տարբեր շրջաններում գտնվող հայկական տների և շինությունների ոչնչացման գործողություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականը նախ անդրադարձ է կատարել Մուշի Քալե թաղամասի հայկական տները քանդելու և նոր բնակարաններ կառուցելու թուրքական իշխանությունների որոշմանը: Պարբերականը մեջբերել էՄուշի քաղաքապետ Նեջեթթին Դեդեի այն խոսքերը, որով իբր այդ տները չեն պատկանում հայերին: Դեդեն հայտարարել էր, թե մինչ օրս չի եղել մի հայ, ով կներկայացներ տների սեփականության վկայականը, ինչով էլ կփաստեր դրանց` հայերին պատկանելու իրողությունը: Taraf-ը գրում է, որ այս խոսքերով Մուշի քաղաքապետը անգիտակցաբար ցույց է տվել հազարավոր հայերի Մուշի հայկական տների քանդման դեմ պայքարելու և դրանք վերադարձնելու ճանապարհը:

Պարբերականն անդրադարձել է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Մուշից բացի այլ շրջաններում գտնվող հայապատկան սեփականությունների թալանին և ավերելուն: Մասնավորապես, Taraf-ը հիշատակել է Թեքիրդաղ շրջանում գտնվող Մալքարայի հայկական գերեզմանատունը, որտեղ իրականացված շինարարական աշխատանքների ժամանակ հողից դուրս էին եկել մարդկային ոսկորներ: Դրանք մի մասը նետվել էին աղբը, իսկ մյուս մասի վրա հող էին լցրել:

Նույն ճակատագրին էր արժանացել նաև Սիվասի (հայկական Սեբաստիա) շրջանի Զարա գավառում գտնվող հայկական գերեզմանատունը, որից մնացել էր միայն մեկ տապանաքար: Քանդված գերեզմանոցի տարածքում երևում են հողի տակից դուրս եկած ոսկորներն ու գանգերը:

Հաջորդ անդրադարձը կատարվում է Սիիրթ (Սղերթ) շրջանի Էրուհ քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցուն, որի տարածքը ինքնարժեքից շատ ավելի ցածր գնով իշխանությունները վաճառել էին թուրքական շինարարական ընկերությանը:

Պարբերականը խոսում է նաև Ստամբուլում գտնվող «Սանասարյան հան» շինության մասին, որն աճուրդով հանվել է վարձակալության` թեպետ ընթանում է շինության տարածքը Հայոց պատրիարքարանին հետ վերադարձնելու դատական գործընթացը:

Հոդվածի վերջում պարբերականը հիշատակում է, որ նախքան 1915 թվականը Մուշում կային 299 եկեղեցի, 94 վանք, 53 սրբավայր, 135 հայկական դպրոց և գերեզմանատուն: Մուշի շրջակայքի 339 գյուղերում ապրում էին 75 հազարի հասնող հայեր: «Հայոց ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի փաստաթղթերում տեղ գտած տեղեկությունների համաձայն` այդ ժամանակ Մուշից և նրա շրջակայքից 114 հազար 704 հայեր «տեղահանության» դուրս բերվելով դատապարտվեցին մահվան: Արդեն 1917 թվականի մարդահամարի ժամանակ արձանագրվեց, որ շրջանի հայերի 99տոկոսը կորած է»,- եզրափակվում է Taraf-ի հոդվածը:

Հայերեն English

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը