ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազորի գրասենյակը խոստացել է հաջորդ շաբաթ պատասխանել ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի նամակին, որն ուղղվել էր Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը: «Մենք մշտապես կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ, ովքեր հավաստիացրել են, որ կարձագանքեն մեր գրությանը: Հնարավոր է նրանք նաեւ հանդիպեն հայ վարորդի հետ, երբ թույլատրվի, քանի որ Հրաչյա Հարությունյանը ներկայում կարանտինի մեջ է»,-ասաց Երանուհի Թումանյանցը:
Հուլիսի 13-ին «Նոր Մոսկվա»-ում` Պոդոլսկի մոտակայքում, մանրախճով բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել ճանապարհից և բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացողЛиАЗ ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք: Հարությունյանը, սակայն, դատարան է տարվել վերակենդանացման բաժանմունքից եւ կանացի խալաթով, ինչը ոտնահարում է կասկածյալի արժանապատվությունը: Հայաստանում Ռուսաստանի դեսպանության առջև տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի ժամանակ հավաքվածները պահանջել են մարդու իրավունքների պաշտպանություն և պատշաճ վերաբերմունք ՀՀ քաղաքացու հանդեպ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Ռուսաստանի իր գործընկերոջը գրություն է ուղարկել հուլիսի 16-ին: