Սերժ Ավետիքյանը պատմում է «Փարաջանով» ֆիլմի երեւանյան պրեմիերայից առաջ ունեցած վախերի մասին
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերգեյ Փարաջանովի արվեստը համամարդկային արժեք է: Անկախ այն համգամանքից, որ հայերը, ուկրաինացիները եւ վրացիները մեծանուն կինոռեժիսորին հակված են վերագրել միայն իրենց, իրականում նա պատկանում է բոլորին: Այս կարծիքին է հոբելյանական «Ոսկե ծիրան» կինոփառատոնի փակումն ազդարարող«Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմիռեժիսոր եւ գլխավոր դերակատար Սերժ Ավետիքյանը, ով ուկրաինացի պրոդյուսեր եւ ռեժիսոր Օլենա Ֆետիսովայի հետ Փարաջանովին վերստեղծելու գեղարվեստական փորձ է կատարել: Սպասված ֆիլմի հատուկ ցուցադրումից հետո արձագանքն այնքան մեծ էր, որ «Ոսկե ծիրանի» ամփոփիչ ասուլիսից անմիջապես հետո արտահերթ հրավիրված ասուլիսը նվիրվեց «Փարաջանով» ֆիլմին:
«Ես, իհարկե, վախի մեջ էի, քանի որ չգիտեի, թե ինչպես կնդունվի ֆիլմը: Երկու անգամ հանդիսատեսի հետ դիտել եմ այն Կարլովի Վարի փառատոնում եւ ջերմորեն է ընդունվել, մինչդեռ այստեղ այլ էր, քանի որ Հայաստանում Փարաջանովը որպես սրբապատկեր է ընդունվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ավետիքյանը: Պատահական չէ, որ ցուցադրումից առաջ նա հորդորել է հանդիսատեսին լինել ազատ եւ ազատ աչքերով ու բաց ականջնելով դիտել ֆիլմը:
«Նկատեցի, որ հանդիսատեսը ձուլված էր էկրանին եւ հումորը, եւ դրամատիզմը հասնում էր տեղ, շատերը հուզված էին ազդեցությամբ»,- ասաց գլխավոր դերակատարը:Նրա խոսքով` ֆիլմի առաջմղման գործում ուկրաինական կողմը շատ մեծ դեր է խաղացել եւ պատահական չէ, որ նկարահանումների մեծ մասն արված է հենց Ուկրաինայում:Փարաջանովին կերտած դերասանը նշում է, որ այս ֆիլմում կարեւոր շեշտը դրվել է, ոչ թե փաստագրական կողմի` այլ հանճարեղ ռեժիսորի ներքին աշխարհը ներկայացնելու վրա, քանի որ նրա մասին փաստավավերագրական ֆիլմերի թիվը գերազանցում է 15-ը:
Մեկնաբանելով այն փաստը, որ խորհրդային իշխանությունների կամոք Փարաջանովը զրկվում է կինաարվեստից եւ նրա ֆիլմերը ենթարկվում էին գրաքննության, ինչը նաեւֆիլմում էներկայացված, Ավետիքյանը կատակելով նշեց, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ֆիլմն արդեն դիտել է, եւ այն գրաքննության չի ենթարկվել: Նախարարը, Ավետիքյանի հավաստիացմամբ, դրական է դիտարկել այն փաստը, որ Հայաստանը «Փարաջանով» ֆիլմն համարտադրող երկրների թվում է:
Անդրադառնալով իր կերտած կերպարին` Ավետիքյանը նկատեց, որ Փարաջանովը դասական կրթություն ուներ եւ միայն «պրովոկատոր» մարդ չէր, ինչպես կարծում են շատերը, նա ապրում էր ողբերգական մենակության մեջ: Ավետիքյանի ցանկությունն էր, որպեսզի հանդիսատեսը ֆիլմի միջոցով բացահայտի եւ ավելի մոտիկից զգա ռեժիսորի այդ մենակությունը:«Ես այս կերպ ցանկացա Փարաջանովի մենակությունը ցույց տալ աշխարհին», -պարզաբանեց Ավետիքյանը:Նա տեղեկացրեց, որ կինոռեժիսորի ընտանիքի անդամները տվել էին իրենց համաձայնությունը եւ իրավունք ֆիլմի նկարահանման համար:
Պատասանելով այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ էր ներկայացնել ֆիլմում Փարաջանովի անձի շուրջ մեծ հետաքրքրություն առաջացրած` համասեռամոլության թեման, Ավետիքյանը նշեց, որ այդ թեման չարծարծելը իրականությունից կերպարին հեռացնել էր նշանակում: «Իհարկե, վտանգավոր է կերտել նման կերպար, ես երկար ժամանակ ուսումսասիրեցի նաեւ Վիսոցկու ֆիլմը Բեզրուկովի մասնակցությամբ, հասկացա մի բան, որ ոչ մի կրկնօրինակում պետք չէ անել հակառակ դեպքում կկործանվես»,- պատմեց ռեժիսորը` հավելելով, որ իրեն դերը ստեղծելու համար մեծապես օգնել է այն փաստը, որ ինքն անձամբ ճանաչել է Փարաջանովին եւ առիթ է ունեցել նրա հետ շփվելու:«Երբ ես երկրնտրանքի առաջ էի կարծես նա ինձ ասեր` «համարձակ արա, չվախենաս»: Այսպես ես պետք է զգայի, որ դա կարելի է անել»,- անկեղծացավ ռեժիսորը:
Նա հիշեց նաեւ մի զավեշտալի միջադեպ, երբ Թբիլիսիում նկարահանոմներ իրականացնելու ժամանակ Փարաջանովի իրական տան կողքին կառուցվել էր նրա տան բակին շատ նման նկարահանման տաղավար, եւ հարեւաններից շատերը, տեսնելով Ավետքիյանին, Փարաջանովի դերում ասել են.«Սերգո ջան, եկել ես»:Երբ Ավետիքյանին առաջարկեցին մարմնավորել կինոռեժիսորին, ինքը համարձակությամբ է մոտեցել այդ քայլին, ոչ թե որպեսզի ապացուցի, որ կարող է յուրաքանչյուր բարդ թեմա կյանքի կոչել, այլ նրա համար, որ կարող է զգալ եւ կատարելագործվել:Նա նաեւ անկեղծանալով նշեց, որ նկարահանումների ժամանակ, որոնք մեկնակել էին 2012 թվականին, ինքը կարծես դարձել էր կամակոր երեխա, ով ունի իրեն սիրելու եւ մշտապես ուշադրության կենտրոնում լինելու կարիք:«Հետո հասկացա, թե ինչու էր Փարաջանովը ավելի գեր, չէ որ նա պետք է իր մեջ տեղավորեր բոլոր այդ զգացմունքները, ներքին քաշքշուկները»,- ասաց դերասանը:
Պատասխանելով այն հարցին` արդյոք ինքը չի ծրագրում ֆիլմ նկարել եւ մարմնավորել նաեւ կինոռեժիսոր-վավերագիր Արտավազդ Փելեշյանին` Ավետիքյանը ժպտալով նշեց, որ Փեշելյանի նման բարձրահասակ չէ եւ նրան մարմնավորել չի պատրաստվում:«Ես նրան մաղթում եմ երկար կյանք, թող շարունակի ապրել, խոսել եւ տեսնել»,- ավելացրեց նա:
Առաջիկայում ռեժիսորը ծրագրում է վերսկսել աշխատանքը «Վերջին ռաունդը Ստամբուլում» կինոսցենարի վրա, որը կլինի իր առաջին անիմացիոն լիամետրաժ ֆիլմը:Ռեժիսորի գնահատմամբ` դա կլինի իր անդրադարձը Հայոց ցեղասպանության հետեւանքերին:
Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի եւ Հայաստանի համատեղ նախագիծ համարվող «Փարաջանով» ֆիլմը ներկայացնում է գլխավոր հերոսի Կիեւում անցկացրած երջանիկ տարիները, ապա ներկայացնում 1973 թվականին նրա ձերբակալությունը` համասեռամոլության եւ բռնաբարության դեմ մեղադրանքների համար, ինչպես նաեւ անդրադառնում սիբիրյան աքսորավայրերում եւ Թբիլիսում բնակվելու տարիներին:Ֆիլմում մշտապես կատակող, դերասանական խաղի մեջ մտնող, ուրախ Փարաջանովը ներկայացված է բոլորովին այլ` ողբերգական կողմից, երբ կինոռեժիսորը միայնակ նստած կոլաժներ է պատրաստում, հիշում է մանկության տարիները, կնոջն ու տղային, որոնցից ճակատագրի բերմամբ բաժանվել է:Երեւանում ֆիլմը կինովարձույթում կհայտնվի սեպտեմբերին: