Հայերի սեփականությունը խլելը եղել է Հայոց ցեղասպանության իրագործման հիմնական շարժառիթը. Ումիթ Քուրթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական հայտնի «Ո'չ խտրականությանն ու ազգայնականությանը» նախաձեռնությունն իրականացրել է քննարկումներ «100-ամյա տարելիցին զուգահեռ ինչու է Հայոց ցեղասպանությունը դեռևս օրակարգում» խորագրի ներքո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Taraf պարբերականը, քննարկման առաջին օրվա ընթացքում ելույթով է հանդես եկել Թաներ Աքչամի հետ միասին «Օրենքների ոգին. հետևել ցեղասպանության հետքին «լքյալ գույքի» օրենքներում» գրքի համահեղինակ, ԱՄՆ Քլարկի համալսարանի դասախոս Ումիթ Քուրթը:

«Եթե ցանկանում եք հասկանալ ցեղասպանության իրագործման դրդապատճառները, անհրաժեշտ է չմոռանալ ոչ մահմեդականներին` մասնավորապես հայերին պատկանող սեփականության դեմ ուղղված տնտեսական շարժառիթը: Սա, բնականաբար, տնտեսության թուրքացման և թուրք-մուսուլմանական բուրժուազիայի դասակարգ ստեղծելու շրջան է: Այսինքն` խոսում ենք ազգային պետություն և ազգային բուրժուազիա ստեղծելու գործընթացի մասին»,- նշել է Ումիթ Քուրթը` պնդելով, որ Հայոց ցեղասպանության իրականացման ժամանակ կարևորագույն դրդապատճառներից է եղել հայերի սեփականությունը խլելու հարցը:

Թուրքական «Ո'չ խտրականությանն ու ազգայնականությանը» նախաձեռնությունը հայտնի է թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջոցառումների ձեռնարկմամբ: Վերջին տարիների ընթացքում այն ակտիվորեն մասնակցում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ապրիլքսանչորսյան ոգեկոչման արարողություններին: կազմակերպությունն իր բողոքի ձայնն էր բարձրացրել նաև թուրքական բանակում հայազգի Սևակ Բալըքչըի սպանության փաստի կապակցությամբ:

Հայերեն English Русский