Հասարակական

Առողջապահության նախարարությունը փղախտով հիվանդ Աշոտ Գրիգորյանին տրամադրեց 6-ամյա բուժման դեղորայքը

2 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարությունը փղախտով հիվանդ Աշոտ Գրիգորյանին տրամադրեց 6-ամյա բուժման դեղորայքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ հուլիսի 3-ին նախարարության լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանը փղախտով հիվանդ Աշոտ Գրիգորյանին հանձնեց նրա բուժման համար անհրաժեշտ վեց ամսվա դեղերի ողջ ծավալը:

Լրագրողների հետ զրույցում Կարեն Կոստանյանն ասաց, որ փղախտ հիվանդությունը հազվադեպ պատահող հիվանդություն է, որը փոխանցվում է ժառանգաբար: «Աշոտի հիվանդության բնույթն այնպիսին է, որ նա մշտապես պետք է գտնվի բժիշկների հսկողության ներքո եւ մշտապես բժիշկ-մասնագետների խորհրդատվության անհրաժեշտություն է առաջանում: Աշոտին անհրաժեշտ բժշկական հետազոտություններն անցկացվում են անվճար եւ դրանց հիման վրա կազմվում է երկարաժամկետ կամ կարճաժամկետ բուժման սխեմաներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Կոստանյանը:

Աշոտը շնորհակալություն հայտնեց առողջապահության նախարարությանը` ցուցաբերած աջակցության համար եւ նշեց, որ դեղերն ընդունելուց հետո արդեն բավական դրական տեղաշարժ կա իր մոտ: «Առողջապահության նախարարությունն սկզբում օգնությունը տրամադրել էր գումարի տեսքով, որը, սակայն, չէր բավականացրել բոլոր դեղերը գնելու համար: Ես դեղի կարիք, իրոք, ունեմ, սակայն դեղորայքն այնքան թանկ է, որ չեմ կարողանում մուրացկանությամբ զբաղվելով գնել»,- ասաց նա:

Աշոտը շնորհակալություն հայտնեց նաեւ «Կամրջակ» սոցիալական կազմակերպությանը` յուրաքանչյուր ամիս դեղորայք տրամադրելու համար: «Ես շաբաթվա մեջ երկու-երեք օր եմ մուրացկանությամբ զբաղվում: Եթե կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն, դա էլ չանեմ, ես ինձ լիարժեք մարդ կզգամ»,- ասաց նա:

Աշոտ Գրիգորյանը կշարունակի գտնվել նախարարության եւ նեղ մասնագետների մշտական ուշադրության եւ հսկողության ներքո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում