«Ականատեսը». 101-ամյա մուսալեռցի Ազատ Սուլուկյանը պատմում է հորից փոխանցված շերամագործության գաղտնիքների մասին

7 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ի «Ականատեսը» հատուկ նախագիծը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ շարունակում է ներկայացնել վերապրածների կյանքի պատմությունները: Նախագծի այս շաբաթվա պատմությունը 101-ամյա Ազատ Սուլուկյանի մասին է, ում հիշողությունները ամուր կապված են Մուսա լեռան հետ:

ԵՐԵՎԱՆ, 25 ԵՐԵՎԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 101-ամյա Ազատ Սուլուկյանին Երեւանի Նոր-Արեշ փողոցում բոլորն են ճանաչում եւ առանձնակի հարգանք տածում: Նրա սիրված զբաղմունքը նարդի խաղալն է. այժմ նա ստիպված է խաղալ միայն թոռնիկի` Վահեի հետ, քանի որ ընկերները մահացել են...:

Ազատի սպիտակ մազերի սակավությունը հնարավորություն չի տալիս առաջին հայացքից գուշակել պատկառելի տարիքը, թեեւ աչքերի խորությունը արտահայտում է կյանքի անցած դժվարին ուղին:

«Ես մուսալեռցի եմ, ծնվել եմ Մուսա լեռան շրջակայքում գտնվող հայկական Բիթիաս գյուղում: Մեր ընտանիքը մնացել է հայրենիքում մինչեւ 1939 թվականը, հետո գաղթել ենք Լիբանան»,- պատմում է ցեղասպանության ականատեսը:

Պատմականտեղեկանք

Իրադարձությունը, որի պատճառով մուսալեռցիներին ճանաչեց ողջ աշխարհը, տեղի ունեցավ արյունալի 1915թ., երբ սկսեց իրականացվել հայերին ոչնչացնելու թուրքական ծրագիրը: Երիտթուրքերի կառավարությունը հայերին հրամայեց լքել իրենց հողերը, սակայն Մուսա լեռի բնակիչները, անտեսելով կարգադրությունը, որոշեցին բարձրանալ լեռան գագաթը եւ ինքնապաշտպանություն կազմակերպել: Չորս տարբեր բնակատեղիներում հաստատված ժողովուրդը կենտրոնացավ փրկության միակ ճանապարհի՝ ծովի դիմաց գտնվող Տամլաճըգում: Ըմբոստ գյուղացիները չէին կարող հուսալիորեն պաշտպանել իրենց ավելի քան 115 քառակուսի կիլոմետր ընդգրկող լեռնային տարածքը, եւ կազմավորվեց երեք հարվածային խումբ, որոնց հրամանատարներն էին Եսայի Յաղուբյանը, Պետրոս Տմլաքյանը եւ Պետրոս Տուտագլյանը: Շուրջ 4,300 մուսալեռցիներ 53 օր շարունակ կատաղի կերպով դիմակայեցին թուրքական ջոկատներին: Սովը, ծարավը, անդադար անձրեւները չկոտրեցին հայոց ոգին. նրանք պար էին բռնում անգամ զուռնայի ու դհոլի հնչյունների ներքո, որպեսզի չսառչեն եւ բարձր պահեն հոգու արիությունը: Մուսալեռցիները շուտով զինվորական նավեր նկատեցին, իրենց հերթին ֆրանսիացի նավաստիները լեռան գագաթին տեսան ծածանվող ասեղնագործ մի դրոշ հետեւյալ բառերով` «Քրիստոնյաները վտանգի մեջ են. օգնություն»: Ֆրանսիական եւ բրիտանական նավերը 4200 մարդ տեղափոխեցին Մուսա լեռից Պորտ-Սայիդ, Եգիպտոս: Առաջին համաշխարհային պատերազմից հետո հայերին թույլ տրվեց վերադառնալ հայրենիք, սակայն 1939թ. այդ տարածքը կցվեց Թուրքիային, և նրանք ստիպված` երկրորդ և վերջին անգամ հեռացան հայրենի վայրերից: Շատերը բնակություն հաստատեցին Լիբանանում, Այնճար գյուղում, իսկ մնացածը ապաստան գտան Հայաստանում` հիմնելով Մուսալեռ գյուղը:

Ինքնապաշտպանական մարտերում Սուլուկյանների ընտանիքը զոհեր չի ունեցել: Ազատը հիշում է, որ ինը հոգուց բաղկացած ընտանիքը ոտքով է ուղերեւորվել Լիբանան` մինչ այդ մոտ երկու ամիս անցկացնելով Այնճար գյուղում:

«Ճանապարհը երկար էր, ջուր չկար, օրական 10-15 հոգի մարդ էր մահանում: Մենք ինը հոգով էինք հայրս, մայրս, չորս եղբայրներս, երկու քույրերս եւ ես»,- նշում է Ազատը:

Նա հիշում է, թե ինչպես էր հայրը` Հակոբը, Մուսա լեռում զբաղվել շերամագործությամբ եւ հետագայում հաջողությամբ շարունակել իր գործունեությունը նաեւ Հայաստանում: Հոր` շերամագործության մասին գիտելիքները փոխանցվել են նաեւ իրեն, սակայն ինքը հետագայում ընտրել է շինարարի զբաղմունքը:

Պատմականտեղեկանք

Մետաքսագործությունը Հայաստանում ամուր պատմական արմատներ ունի: Համաձայն հին պատմիչների արձանագրության` մետաքսի արդյունահանումը տարածվել է Անդրկովկասում մասնավորապես Հայաստանում Կենտրոնական Ասիայից մ.թ. 5-6-րդ դդ.: Պատմիչները հայկական մետաքսի որակը գովասանքի բարձր գնահատականի են արժանացրել, քանի որ հայկական բոժոժները բարձրորակ էին և ձեռքով կծկված թելը ամենաբարձրարժեքն էր: Հայկական մետաքսը առանձնանում էր նաեւ իր գույներով: Դեռ այն ժամանակ Հայաստանի Դվին եւ Արտաշատ քաղաքներում արտադրվում էր թանկարժեք ներկը որդան կարմիրը (cochineal Margarodidae ընտանիքին պատկանող միջատ է (լատ. Porphyrophora hamelii/Homoptera, Coccidae): Նրանով բուրդ եւ մետաքս էին ներկում և այս գործվածքները արտահանվում էին Եվրոպա «kirmiz» անվան տակ (միջատի անունով):1 կգ մետաքսաթել ստանալու համար հարկավոր է 5500 բոժոժ: Սկզբում դրանք դնում են եռման ջրի մեջ (որպեսզի թրթուրները ոչնչանան), ապա թելի ծայրն ամրացնում են պտտվող կոճին եւ փաթաթում: Որպեսզի թելն ամուր լինի, մի քանի բոժոժի թելերը միացնում են իրար, ապա փաթաթում: Այնուհետեւ մանածագործական հաստոցի վրա թելը վերածվում է մետաքսի, որը հետո նկարազարդվում ու ներկվում է:

«Թթենու տերեւներըմետաքսիթրթուռի սնունդ են հանդիսանում, հայրս համոզված էր, որ լավ մետաքս ստանալու համար թթենու տերեւները պետք է լայն եւ մեծ լինեն»,- մետաքսագործության գաղտնիքների մասին է կիսվում պատմության հերոսը` ավելացնելով, որ հորը տասնամյակներ առաջ անգամ պարգեւատրել են որպես հմուտ շերամագործի:

Լիբանանից հետո 1946 թվականին նրանց ընտանիքը գալիս է Հայաստան` Ալավերդի, եւ բնակություն հաստատում այնտեղ: Ազատը 1955 թվականին ամուսնանում է, ունենում երկու երեխա:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին` Ազատ Սուլուկյան հույս է հայտնում, որ այն վաղ թե ուշ կճանաչվի: Թուրքերին առանձնակի դրականորեն չի վերաբերվում, սակայն օբյեկտիվորեն նշում է, որ անգամ հանդիպել է թուրքերի, ովքեր հայ երեխաներ են խնամել:

«Աղվեսի վատն էլ կա, լավն էլ կա, անտառը առանց աղվեսի չի լինում»,- հավելում է Ազատը, ով Սուլուկյանների ընտանիքում միակ երկարակյացը չէ. նրա մայրը մահացել է 103 տարեկանում:

Տարիներ անց մեծ է եղել Մուսա լեռը եւս մեկ անգամ տեսնելու ցանկությունը, որը չի իրականացել, փոխարենը նա մի քանի տարի առաջ այցելել է Լիբանան:

Հեղինակ Տաթեւիկ Գրիգորյան

Լուսանկարները` Սամվել Բերքիբեքյանի

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը