ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միսս Հայաստան-2013» գեղեցկության եւ նրբագեղության ազգային մրցույթի անցկացումը շարունակում է մնալ քննարկման փուլում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրեն ԿարենԱրիստակեսյանը պարզաբանեց, որ մրցույթի անցկացման հետաձգումը պայմանավորված է մի շարք ֆինանսական եւ կազմակերպչական խնդիրներով:
«Դեռ չենք կարող որեւէ հստակ բան ասել մրցույթի անցկացման վերաբերյալ»,- ասաց Արիստակեսյանը: Նրա գնահատմամբ` ազգային մրցույթի անցկացումը պահանջում է լուրջ նախապատրաստական աշխատանք, որպեսզի այն լինի ընդգրկուն:
Բացի կազմակերպչական եւ ֆինանսական խնդիրներից, գործակալության տնօրենի տեղեկացմամբ, կազմկոմիտեի համար մտահոգիչ հանգամանք է նաեւ մրցույթին մասնակցող աղջիկների պատրաստավծության մակարդակը` ելնելով այն հանգամանքից, որ «Միսս Հայաստան» տիտղոսակիրը տվյալ տարի դառնում է Հայաստանի պատվիրակը «Միսս աշխարհ» մրցույթում: Նրա կարծիքով` լուրջ փոփոխությունների կարիք է զգում նաեւ մրցույթի անցկացման ձեւաչափը: Նա չհերքեց, որ Հայաստանում քիչ թվով, բայց կան մասնագիտացած մոդելներ, սակայն գեղեցկության եւ նրբագեղության մրցույթում մասնակիցների միայն մոդելային տվյալների բավարար չեն:
««Միսս աշխարհ 2013»-ը այս տարի տեղի կուենա սեպտեմբերի վերջին, այդ պատճառով մենք դեռ ունենք ժամանակ ազգային մրցույթ անցկացնելու եւ մեր ներկայացուցչին որոշելու համար»,- պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին` նշեց գործակալության տնօրենը:
Նա նաեւ ընդգծեց, որ «Միսս Հայաստան 2013»-ի բարձր մակարդակով կազմակեպման գործում անհրաժեշտ է նաեւ պետական մարմինների մասնակցությունը, ինչը նախորդ տարիներին չի եղել:
2012 թվականի ապրիլին Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում կայացել է «Միսս Հայաստան 2012» մրցույթը, որի հաղթող է ճանաչվել Երեւանը ներկայացնող 20-ամյա Աննա Առաքելյանը, ով, սակայն, Հայաստանի` համապատասխան ֆինանսական միջոցների` հովանավորների բացակայության եւ մրցույթի հեռարձակման իրավունք ձեռք բերելու համար տեղական հեռուստաալիքների միջեւ համաձայնության չգալու պատճառով չի մասնակցել Մոնղոլիայի Օրդոս քաղաքում օգոստոսի 18-ին կայանալիք «Միսս աշխարհ 2012»-ին:
1996 թվականից սկսած առաջին անգամ Հարավային Կովկասում Երեւանի Կամերային թատրոնն անցկացրեց այս մրցույթը։Մինչ 2012 թվականը Հայաստանում անցկացվել է «Միսս Հայաստան» ազգային 9 մրցույթ։
«Միսս Հայաստան» մրցույթի ներկայացուցիչները մասնակցել են մի շարք միջազգային մրցույթների` «Միսս Եվրոպա», «Միսս Ասիա եւ Օվկիանոս», «Միսս Անդրկովկաս», «Միսս ԱՊՀ»:Հայաստանը վերջին անգամ մասնակցել է «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին 2007 թվականին:
63-րդ«Միսս աշխարհ 2013»-ը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայում: Այս տարի տեղի մուսուլմանների պահանջին հետեւելով` միջազգային մրցույթից հանվել է մասնակիցների «բիկինիներով» ցուցադրությունը: