Երևանյան բեսթսելլեր

Երևանյան բեսթսելլեր 21. Մանկական գրականությունը Երեւանում ամենամեծ հետաքրքրությունն է վայելում

6 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելլեր 21. Մանկական գրականությունը Երեւանում ամենամեծ հետաքրքրությունն է վայելում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան գրախանութներում վերջին յոթ օրերի ընթացքում նախորդ շաբաթվա համեմատությամբ նվազել է գեղարվեստական գրականության վաճառքը: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին գրախանութների մենեջերները, պատճառը կրթական ոլորտում քննական եռուզեռն է:

Լրատվական գործակալության այս շաբաթվա «Երևանյան բեսթսելլեր»-ի առաջատարը «Մաշան և արջը» ռուսական մուլտֆիմի սյուժեի հիման վրա գրված հայերեն թարգմանական-գրական գործն է: Այս հեքիաթը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել փոքրիկների շրջանում, ինչն էլ ապահովել է գրքի վաճառքը: Տպագրության առաջին իսկ շաբաթվանից հեքիաթը ամեն շաբաթ ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում: Երկրորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են, որոնք առաջին մի քանի շաբաթներում պարբերաբար բեսթսելլեր էին, սակայն հետագայում կորցրեցին իրենց հետաքրքրությունը: Իսկ այս շաբաթ հեքիաթների ժողովածուն կրկին ապահովեց իր երկրորդ հորիզոնականը: «Երևանյան բեսթսելլեր»-ի երրորդ հորիզոնականն այս շաբաթ զբաղեցրել են Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը, որին հաջորդում է կրկին մանկական ստեղծագործություն` Լևոն Անանյանի «Մայրենի լեզվի դասը»: Մանկական պատմվածքն արդեն երրորդ շաբաթ անընդմեջ ընդգրկվում է ամենաշատ վաճառված գրքերի ցանկում:

Բադիկի պատմությունն այն մասին, թե ինչպես է ընտանիքը որոշում իր ձագուկին տանել շների դպրոց, որն ավելի հեղինակավոր է, և որի շրջանավարտները հետագայում հիմնականում բարձր պաշտոններ են զբաղեցնում, դաստիարակչական նշանակություն ունի ու փոխաբերական իմաստով արդիական է նույնիսկ այսօր: Դա է պատճառը, որ հեղինակը որոշել է տպագրել45 տարի առաջ գրվածպատմվածքը: Գրքում կարևորվում է այն գաղափարը, որ առաջնայինը մայրենի լեզվի պահպանման հարցն է, որի մասին մի պահ չի մտածել բադիկի ընտանիքը, իսկ մայրենիի կորուստը բերում է ցեղի կորստին:

Գործակալության վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնականն այս շաբաթ զբաղեցրել է Ադրբեջանում մեծ աղմուկ բարձրացրած, Հայաստանում հետաքրքրության արժանացած ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմի` «Գրաբեր» հրատարակչության տարբերակ: Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ վայրագությունները նկարագրող գրիքը, որը Հայաստանում ունեցավ թարգմանական-հրատարակչական երեք տարբերակ, շարունակում է հետաքրքրել հայ ընթերցողին` ամեն շաբաթ հայտնվելով գործակալության վարկանիշային աղյուսակում: Կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վեպն այս անգամ վեցերորդն է, որին հաջորդում է մանկական «Արև, արև, եկ, եկ» բանաստեղծությունների ժողովածուն: Գրքում ընդգրկված են դասական և ժամանակակից գրողների բանաստեղծությունները: Իտալացի բանաստեղծ Կլաուդիո Պոցցանիի «Ստվերի քայլերթը», որը երկրորդ անգամն է ընդգրկվում «Երևանյան բեսթսելլեր»-ի ցանկում, զբաղեցնում է իններորդ հորիզոնականը: Վարկանիշային աղյուսակը եզրափակում է բանաստեղծուհի Ժաննա Աբրահամյանի «Եռամեկ» ժողովածուն:

«Երևանյան բեսթսելլեր» նախագծի արդյունքներին կարող եք ծանոթանալ նաև «Գրական թերթ» շաբաթաթերթի այսօրվա համարում: Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

«Մաշան և արջը»

Բուքինիստ 51
2 -2

Հանս ՔրիստիանԱնդերսեն

«Հեքիաթներ»

H&H 34
3 +7

Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ»

H&H 33
4 -3

Լևոն Անանյան

«Մայրենի լեզվի դասը»

Էդիթ պրինտ 32
5 +4

Աքրամ Այլիսլի

«Քարե երազներ»

Գրաբեր

22
6 +1

Գաբրիել Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 12
7 Նոր

«Արև, արև, եկ, եկ»

Էդիթ պրինտ և Ապոլոն 10
8 -2

Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Վան Արյան 9
9 -1

Կլաուդիո Պոցցանի

«Ստվերի քայլերթը»

Զանգակ 8
10 Նոր

Ժաննա Աբրահամյան

«Եռամեկ»

ՀԳՄ

7

«Երևանյան բեսթսելլեր»-ը պատրաստեց Ռուզաննա Մովսիսյանը

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում