Տարածաշրջանային

Ստամբուլում հայերն իշխանություններին հիշեցրել են Թաքսիմի հայկական գերեզմանատունը քանդելու պատմությունը

3 րոպեի ընթերցում

Ստամբուլում հայերն իշխանություններին հիշեցրել են Թաքսիմի հայկական գերեզմանատունը քանդելու պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հայերի կողմից ստեղծված «Նոր Զարթօնք» կազմակերպությունն իր մասնակցություն է ցուցաբերել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում մի քանի օր շարունակվող հակակառավարական ցույցերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով կազմակերպության պաշտոնական կայքը, «Նոր Զարթօնք»-ի անդամները տապանաքարի տեսքով «Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատուն. 1551-1939» գրությամբ քար են տեղադրել «Գեզի» զբոսայգում:Քարի վրա եղել է նաև հետևյալ գրությունը. «Մեր գերեզմանատունը վերցրիք, սակայն մեր զբոսայգին չեք կարողանալու վերցնել»:

Այս փաստի առնչությամբ Facebook-ի իր էջում գրառում է թողել նաև հայտնի թուրք գիտնական, Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք պատմաբան Թաներ Աքչամը: Հրապարակելով Թաքսիմում տեղադրված հայկական տապանաքարի նկարը` նա գրել է. «Մոխիրներից ծնվում է պատմության նոր ըմբռնումներ ունեցող նոր Թուրքիան»:

Ավելի վաղ Թաքսիմ հրապարակում նախկինում եղած հայկական գերեզմանատան մասին խոսել էր նաև քուրդ պատգամավոր Սըրրը Սուրեյյա Օնդերը: Թուրքիայի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության Ստամբուլի պատգամավորը թուրքական հեռուստաալիքներից մեկով հեռարձակված հաղորդման ժամանակ հետաքրքիր հարց էր բարձրացրել. «Որտե՞ղ են օգտագործվել հայկական գերեզմանատան քարերը»: Հաղորդման ժամանակ թուրք պատգամավորն անդրադարձել է այն փաստին, որ Դիվան հյուրանոցի կառուցման ժամանակ շինարարական տարածքում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է, իսկ գերեզմանների մարմարե քարերն օգտագործվել են Թաքսիմի զբոսայգու ճանապարհների կառուցման համար: Սըրրը Սուրեյյա Օնդերը նշել է, որ Թաքսիմի և Բեյօղլուի շրջաններում եղել են հայերի գերեզմաններ: «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորն առաջարկել է «Քոչ» ընկերությանըգերեզմանոցում թաղվածների ապրող սերունդների համարառանձին հարգանքի սյուն տեղադրել հյուրանոցի այգում:

Ստամբուլում հուզումներ են սկսվել, երբ իշխանությունները փորձել են քանդել«Գեզի» զբոսայգին: Իրավապահները բռնություն են կիրառել ակտիվիստների նկատմամբ ու դա Թուրքիայում բուռն հուզումների առիթ է հանդիսացել` պայքարը հասցնելով մինչեւ վարչապետ Էրդողանի հրաժարականի պահանջի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում