Երևանյան բեսթսելլեր 20. «Մայրենի լեզվի դասը» գերազանցեց նախորդ շաբաթվա իր ռեկորդը
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան գրախանութներում վերջին յոթ օրերի ընթացքում ամենաշատ վաճառված գրքերը մանկական ստեղծագործություններն են, ինչը գրախանութների մենեջերները կապում են հունիսի 1-ի` մանուկների տոնի հետ: «Արմենպրես» լրատվական գործակալության այս շաբաթվա «Երևանյան բեսթսելլեր»-ի առաջատարը նույնպես մանկական ստեղծագործություն է:Հայաստանի գրողների միության նախագահ, գրող Լևոն Անանյանի «Մայրենի լեզվի դասը» մանկական պատմվածքը երկու շաբաթ անընդմեջ ամենաշատ վաճառված ստեղծագործությունն է: Այն գերազանցել է նույնիսկ նախորդ շաբաթվա վաճառքի ցուցանիշը:
Բադիկի պատմությունն այն մասին, թե ինչպես է ընտանիքը որոշում իր ձագուկին տանել շների դպրոց, որն ավելի հեղինակավոր է, և որի շրջանավարտները հետագայում հիմնականում բարձր պաշտոններ են զբաղեցնում, դաստիարակչական նշանակություն ունի ու փոխաբերական իմաստով արդիական է նույնիսկ այսօր: Դա է պատճառը, որ հեղինակը որոշել է տպագրել45 տարի առաջ գրվածպատմվածքը: Գրքում կարևորվում է այն գաղափարը, որ առաջնայինը մայրենի լեզվի պահպանման հարցն է, որի մասին մի պահ չի մտածել բադիկի ընտանիքը, իսկ մայրենիի կորուստը բերում է ցեղի կորստին:
Ժամանակակից գրող լիբանանահայ Վահան Զանոյեանի «Հեռավոր մի տեղ» վեպը, որն առաջին անգամ է ընդգրկվել վարկանիշային աղյուսակում, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Երրորդ հորիզոնականում կրկին «Մաշան և արջը» ռուսական մուլտֆիմի սյուժեի հիման վրա գրված հայերեն թարգմանական-գրական գործն է: Այս հեքիաթը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել փոքրիկների շրջանում, ինչն էլ ապահովել է գրքի վաճառքը: Սրան հաջորդում է «Սկյուռիկի երգը» մանկական ստեղծագործությունը, որը կրկին առաջին անգամ է տեղ գտել «Երևանյան բեսթսելլեր»-ի ցանկում: Այն միանգամից մեծ հետաքրքրություն է առաջացրել` մեկ շաբաթվա ընթացքում ապահովելով չորրորդ հորիզոնականը:
«Արմենպրես» լրատվական գործակալության հատուկ նախագծի հինգերորդ հորիզոնականում Զավեն Բեկյանի «Քարե աշտանակ» բանաստեղծությունների վեցերորդ ժողովածուն է, որը տպագրվել է պետական աջակցությամբ: Այն առաջին անգամ է տեղ գտել գործակալության ամենաշատ վաճառված գրքերի ցանկում: Վեցերորդ հորիզոնականում Հովհաննես Թումանյանի` «Բուքինիստ» հրատարակչության հրատարակած «Հեքիաթներ»-ն են, որին հաջորդում է բրազիլացի ժամանակակից գրող Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը»: Այն տպագրության առաջին իսկ օրվանից մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես երիտասարդների շրջանում: Աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված այդ գիրքը մինչ այսօր շարունակում է մնալ ամենալավ վաճառվող գիրքը Բրազիլիայի պատմության մեջ և նույնիսկ համարվում է Գինեսի ռեկորդակիր: Ութերորդ հորիզոնականում կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վեպն է:
Ադրբեջանում մեծ աղմուկ բարձրացրած, Հայաստանում հետաքրքրության արժանացած ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմի` «Գրաբեր» հրատարակչության տարբերակն այս անգամ վարկանիշային աղյուսակի իններորդ հորիզոնականում է: Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ վայրագությունները նկարագրող գրիքը, որը Հայաստանում ունեցավ թարգմանական-հրատարակչական երեք տարբերակ, շարունակում է հետաքրքրել հայ ընթերցողին` ամեն շաբաթ հայտնվելով գործակալության վարկանիշային աղյուսակում: «Երևանյան բեսթսելլեր»-ն այս շաբաթ եզրափակում է Հովհաննես Թումանյանի` «Արևիկ» հրատարակչության կողմից հրատարակած «Հեքիաթներ»-ը:
«Երևանյան բեսթսելլեր» նախագծի արդյունքներին կարող եք ծանոթանալ նաև «Գրական թերթ» շաբաթաթերթի այսօրվա համարում: Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 | ![]() |
Լևոն Անանյան «Մայրենի լեզվի դասը» |
Էդիթ պրինտ | 115 |
| 2 | նոր | ![]() |
Վահան Զանոյեան «Հեռավոր մի տեղ» |
Էդիթ պրինտ | 37 |
| 3 | -1 | ![]() |
«Մաշան և արջը» |
Բուքինիստ | 32 |
| 4 | նոր | ![]() |
«Սկյուռիկի երգը» |
Բուքինիստ | 24 |
| 5 | նոր | ![]() |
Զավեն Բեկյան «Կավե աշտանակ» |
ՀԳՄ | 23 |
| 6 | -2 | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Բուքինիստ | 18 |
| 7 | -2 | ![]() |
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» |
Վան Արյան | 16 |
| 8 | -1 | ![]() |
Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով կիմ տխուր պոռնիկներին» |
ՎԱ-ՀԱ | 14 |
| 9 | -1 | ![]() |
Աքրամ Այլիսլի «Քարե երազներ» |
Գրաբեր | 11 |
| 10 | -7 | ![]() |
Հովհաննես Թումանյան Հեքիաթներ |
Արևիկ | 9 |
«Երևանյան բեսթսելլեր»-ը պատրաստեց Ռուզաննա Մովսիսյանը









