«Երևանյան բեսթսելլեր» 18. «Մաշան և արջն» ու «Քարե երազները» ամենապահանջված գրքերն են
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելլեր» հատուկ նախագծում յուրաքանչյուր շաբաթ գեղարվեստական գրականության նոր նմուշներ են հայտնվում: Ավելանում է հանրության հետաքրքրությունը գրականության նկատմամբ. նախագծի գործընկեր գրախանութներից մեկ շաբաթում մի քանի տասնյակ գեղարվեստական գործեր են վաճառվում: Վերջին մեկ շաբաթում միտումը մի փոքր այլ է` քննական ժամանակաշրջանով պայմանավորված` գրախանութներում ավելի շատ վաճառվել են շտեմարաններն ու գիտական գրականությունը: Ինչեւէ, «Արմենպրես»-ն ամբողջացրել է վաճառված գեղարվեսատական գործերի թոփ տասնյակը:
Մայիսի երրորդ շաբաթվա ընթացքում ամենաշատ վաճառված գիրքը կրկին «Մաշան և արջը» ռուսական մուլտֆիմի սյուժեի հիման վրա գրված հայերեն թարգմանական-գրական գործն է: Այս հեքիաթը գրախանութներում հայտնվելուց ի վեր միշտ զբաղեցրել է առաջատար հորիզոնականներ: Երկրորդ հորիզոնականում Ադրբեջանում մեծ աղմուկ բարձրացրած, Հայաստանում հետաքրքրության արժանացած ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմի` «Գրաբեր» հրատարակչության տարբերակն է: Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ վայրագությունները նկարագրող գրիքը, որը Հայաստանում ունեցավ թարգմանական-հրատարակչական երեք տարբերակ, շարունակում է հետաքրքրել հայ ընթերցողին` ամեն շաբաթ հայտնվելով գործակալության վարկանիշային աղյուսակում:
Երրորդ հորիզոնականում Հովհաննես Թումանյանի «Հեքիաթների ժողովածու»-ի` «Արևիկ» հրատարակչության տարբերակն է, որին հաջորդում է ժամանակակից գրող Արևշատ Ավագյանի «Աստղալույսերի ձայնը» բանաստեղծությունների ժողովածուն: Վերջինն առաջին անգամն է ընդգրկվել «Երևանյան բեսթսելլեր»-ի ցանկում: Հինգերորդ հորիզոնականում բրազիլացի ժամանակակից գրող Պաուլո Կոելոյի «Ալքիմիկոսը» վեպն է: Աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված այդ գիրքը մինչ այսօր շարունակում է մնալ ամենալավ վաճառվող գիրքը Բրազիլիայի պատմության մեջ և նույնիսկ համարվում է Գինեսի ռեկորդակիր:
Վարկանիշային աղյուսակի վեցերորդ հորիզոնականն զբաղեցրել է երիտասարդ գրող Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» վեպը, որը բանակից զորացրված 28-ամյա տղայի հալուցինացիաները նկարագրող պատմություն է: Գիրքը շաբաթներ շարունակ եղել է «Արմենպրես»-ի վարկանիշային աղյուսակում:Յոթերորդ հորիզոնականում կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վեպն է, որին հաջորդում է շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենի` անսովոր ուժի տեր չարաճճի աղջկա մասին վիպակը` «Երկարագուլպա Պիպին» վերնագրով: Այս տարի հայերեն առաջին անգամ թարգմանված այդ ստեղծագործությունն աշխարհում ամենաշատ սիրված մանկական գրքերից է:
Գրիգոր Նարեկացու` «Նաիրի» հրատարակչության կրկնակի շապիկով «Մատյան ողբերգության» պոեմը, որն ամեն շաբաթ եղել է «Երևանյան բեսթսելլեր»-ի ցանկում, այս շաբաթ զբաղեցնում է իններորդ հորիզոնականը: Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Հովհաննես Թումանյանի` ՄՀՄ հրատարակչության հրատարակած «Հեքիաթների ժողովածուն»: Այս հրատարակչության տարբերակով Թումանյանի հեքիաթներն առաջին անգամ են հայտնվում ամենաշատ վաճառված գրքերի ցանկում:
«Երևանյան բեսթսելլեր» նախագծի արդյունքներին կարող եք ծանոթանալ նաև «Գրական թերթ» շաբաթաթերթի այսօրվա համարում: Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +1 | ![]() |
«Մաշան և արջը» |
Բուքինիստ | 32 |
| 2 | +1 | ![]() |
Աքրաքմ Այլիսլի «Քարե երազներ» |
Գրաբեր | 21 |
| 3 | +3 | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթները» |
Արևիկ | 14 |
| 4 | նոր | ![]() |
Արևշատ Ավագյան «Աստղալույսերի ձայնը» |
ՀԳՄ | 12 |
| 5 | +2 | ![]() |
Պաուլո Կուելյո «Ալքիմիկոսը» |
Վան Արյան | 10 |
| 6 | +3 | ![]() |
Արամ Պաչյան «Ցտեսություն, ծիտ» |
Անտարես | 9 |
| 7 | +1 | ![]() |
Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» |
ՎԱ-ՀԱ | 8 |
| 8 | -1 | ![]() |
Աստրիդ Լինդգրեն «Երկարագուլպա Պիպին» |
Զանգակ | 7 |
| 9 | -3 | ![]() |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրի | 6 |
| 10 | նոր | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթները» |
ՄՀՄ | 5 |
«Երևանյան բեսթսելլեր»-ը պատրաստեց Ռուզաննա Մովսիսյանը









