Սպորտ

Լևոն Արոնյանը ճանաչվեց Ալյոխինի մրցաշարի հաղթող

2 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը ճանաչվեց Ալյոխինի մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ճանաչվեց Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի հաղթող` լրացուցիչ գործոնների շնորհիվ գերազանցելով իր հետ հավասար միավորներ վաստակած Բորիս Գելֆանդին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Արոնյանը վերջին տուրում այսօր սպիտակներով հաղթեց Վաշիե-Լագրավին և վաստակեց 5,5 միավոր:

Կայացած մյուս պարտիաներում Գելֆանդը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Անանդի, Վիտյուգովը` Լիրեն Դինգի, Սվիդլերը` Ֆրասինյեյի հետ, իսկ Մայքլ Ադամսը պարտություն կրեց Վլադիմիր Կրամնիկից: Վերջինիս նկատմամբ առավելության հասնելու դեպքում մրցաշարի հաղթող կճանաչվեր հենց Ադամսը:

Այսպիսով, Արոնյանը և Գելֆանդը վաստակեցին 5,5-ական միավոր, Ադամսը և Անանդը` 5-ական, Վաշիե Լագրավը, Նիկիտա Վիտյուգովը և Լորեն Ֆրեսիեն` 4,5-ական միավոր, Կրամնիկը` 4, Դինգ Լիրեն` 3,5, իսկ Պյոտր Սվիդլերը` 3 միավոր:

Մրցաշարի հաղթողի համար սահմանված էր 30 հազար եվրո պարգևավճար:

Այս մրցաշարում Արոնյանը տոնեց 3 հաղթանակ, 5 հանդիպում ավարտեց ոչ-ոքի և կրեց 1 պարտություն:

Ալյոխինի Մրցաշարն իր բնույթով յուրօրինակ էր, քանի որ անցկացվում էր եւ Սանկտ Պետերբուրգում, եւ Փարիզում: Մրցաշարի առաջին հինգ տուրերն անցկացվել էին Փարիզում, իսկ մյուս տուրերը կայացան Սանկտ Պետերբուրգում:

Մրցաշարին մասնակցում էին Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Դինգ Լիրենը (Չինաստան), Մայքլ Ադամսը (Անգլիա), Լորեն Ֆրեսիեն (Ֆրանսիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պետեր Սվիդլերը (Ռուսաստան), Նիկիտա Վիտյուգովը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել) եւ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա): Մրցաշարը մեկնարկել էր ապրիլի 21-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում