Հայոց ցեղասպանությունը ճանաչած ադրբեջանցի գրողը հաստատել է իր համոզմունքը` ադրբեջանական ANS հեռուստաալիքի եթերում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանաբնակ ադրբեջանցի գրող Էդուարդ Բաղըրովն ադրբեջանական ANS հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախօրեին հնչեցրած իր համոզմունքը: Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ադրբեջանցի գրողը համացանցի իր բլոգում ամբողջ հայ ժողովրդին ցավակցություն էր հայտնել Ցեղասպանության զոհերի համար: «Մոսկվայի ողջամիտ ադրբեջանցիների անունից 1915 թ-ին Թուրքիայում ցեղասպանության ենթարկվելու տարելիցի կապակցությամբ ցավակցություն եմ հայտնում հայերին», -գրել էր նա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թղթակցի այն հարցին, թե ցավակցություն հայտնելով հայերին, արդյոք նա դրանով ցանկացել է ճանաչել Ցեղասպանության իրողությունը, Էդուրադ Բաղըրովն ասել է. «Ըստ ինձ` ցեղասպանությունը մարդկանց ազգային պատկանելության համար սպանությունն է: Հիտլերը հրեաների նկատմամբ նման ցեղասպանություն էր իրագործել: 1915 թ-ին մեկ եւ կես միլիոն հայեր սպանվել են հայ լինելու համար: Այդ ցեղասպանության համար ես կիսում եմ հայերի վիշտը», -ասել է Բաղըրովը: «Եթե նույն բանը կատարված լիներ ադրբեջանցիների նկատմամբ, ապա այն եւս ցեղասպանություն կկոչվեր: Կարծում եմ, որ մեր դարում չի կարելի աչք փակել մարդկանց ազգային պատկանելության համար սպանությունների նկատմամբ: Ես դեմ եմ դրան», -հավելել է նա:
Էդուարդ Բաղըրովը հայտնի է իր «Գաստարբայտեր» գրքով, որը 2007 թ-ին Մոսկվայում հրապարակվել է 100 հազար տպաքանակով: Էդուարդ Բաղըրովը գրող Աքրամ Այլիսլիից եւ կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովից հետո Հայոց ցեասպանությունը ճանաչած երրորդ ադրբեջանցի մտավորականն է: