Տարածաշրջանային

Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն է տեղի ունենում

3 րոպեի ընթերցում

Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն է տեղի ունենում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը կարող է հերքել Հայոց ցեղսպանության իրողությունը, սակայն ժողովուրդը կարող է իրադարձություններին տալ իր ցանկացած ընթացքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես եկավ Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում հավաքվածներից մեկը:«Այսօր մեր երկրում կան ֆաշիստներ, սակայն նրանց կողքին ապրում են լավ մարդիկ, որոնց շրջանակներն ամեն տարի ավելանում են: Պաշտոնական տեսակետը շարունակում է մնալ նույնը, սակայն ժողովուրդը ավելի ու ավելի շատ է սկսում իմանալ իրականության մասին: Դրա ապացույցն է Դիարբեքիրում տեղի ունեցած միջոցառումը»,- հայտարարել է կազմակերպիչներից մեկը:

Ստամբուլի հրապարակում հավաքվել են ինչպես տեղի թուրքեր և հայեր, այնպես էլ հայեր եվրոպական այնպիսի երկրներից, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Բրազիլիայի, նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության եվրոպական մասնաճյուղի ներկայացուցիչներ:«Այսօր մենք մասնակցելու ենք նաև Ստամբուլի Թաքսիմ հրապարակում նախատեսվող ցույցին: Մեր ներկայությունը շատ կարոևր է»,- ընդգծել է Ֆրանսիայից ժամանած հայերից մեկը:

Բրազիլիայից Թուրքիա ժամանած լուսանկարիչ Նորայր Շահինյանը նշել է, որ այս տարի Թուրքիա ժամանելու պատճառներից մեկն էլ այն է եղել, որ իր ընտանիքի անդամների արմատներն էլ Արևմտյան Հայաստանում են: «Եկել եմ այցելելու ծնողներիս քաղաքը: Նրանք Մարաշից և Ուրֆայից են: Ուրախ եմ, որ գտել եմ նրանց տունը», - ասել է բրազիլահայ լուանկարիչը: Վերջինիս համոզմամբ` Թուրքիայում արդեն իսկ աշխարհայացքի փոփոխություն է տեղի ունենում և փոխվում է կարծիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ին, 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործած հանցագործության անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու արարողություններ են տեղի ունենում Թուրքիայի տարբեր քաղաքներում: Նախորդ 2 տարիների նման այս տարի ևս Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղական ժամանակով 19:15-ին թուրք ակտիվիստները, լրագրողները, գիտնականներն ու արվեստագետները կհավաքվեն հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:Հավաք կլինի նաև Անկարայի Սաքարյա հրապարակում: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը կոգեկոչեն Իզմիրի (Զմյուռնիա) Բասմանե հրապարակում:Արարողություն տեղի կունենա նաեւ Անկարայի կենտրոնական բանկի շենքի առջև:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում