Իսրայել Չարնին Թուրքիայում մեծ առաջընթաց է նկատել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը պետք է շարունակվի: Այս մասին ընդգծել է հեղինակավոր հրեա ցեղասպանագետ Իսրայել Չարնին «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում: «Հայոց ցեղասպանությունը ճանաչած մարդկանց թիվը նկատելիորեն ավելանում է: Ժողովրդավարության ջատագով Իսրայելի և ԱՄՆ-ի կառավարությունների կողմից, սակայն, Հայոց ցեղասպանության ճանաչումը հիմնականում մնացել է նույն տեղում: Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ շատերի կողմից ձեռնարկվող լուրջ քայլերի եւ օրենսդիրների` օր օրի ավելացող թվի հետ մեկտեղ կառավարությունները գերադասում են քաղաքական շահերը` համախմբված գործելու փոխարեն»,-ասաց Չարնին:
Նա նկատեց, որ Թուրքիայում եւս մեծ առաջընթաց է արձանագրվել: Այդուհանդերձ, չկա որևէ նշան, որը կմատնանշի, որ կառավարությունը մոտենում է ճանաչմանը: Խոսքի ազատության հնարավորություն չունենալով` մեծ թվով լրագրողներ եւ մտավորականներ են բանտարկվել Թուրքիայում:«Հայոց ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ մենք պետք է հիանալի աշխատանք կատարենք, եւ ես առաջարկում կապել բոլոր ցեղասպանությունները` ցույց տալով, որ մենք հիշում ենք բոլորը եւ բողոքում ենք բոլորի դեմ ու պայքարելու ենք հանուն ողջ մարդկության կյանքի իրավունքի համար»,-ընդգծեց ցեղասպանագետը:
Իսրայելի կողմից ճանաչման առնչությամբ նա նշեց, որ Քնեսեթի շնորհիվ երկիրը հստակորեն մոտեցել է հարցի լուծմանը, սակայն կառավարությունը դրական նշաններ չի արել` թույլ տալու վերջնական դրական քվեարկություն անցկացնել: «Այժմ մենք ունենք նոր Քնեսեթ եւ չգիտենք, թե որ ուղղությամբ է այն առաջնորդվելու: Մենք պետք է շարունակենք պայքարել ճանաչման համար»,-նշեց Չարնին:
Նա Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության, միջազգային ճանաչման, ինչպես նաև ժխտողականության խնդրի ուղղությամբ կատարած ծավալուն և արժեքավոր հետազոտությունների համար արժանացել է ՀՀ Նախագահի 2010թ. մրցանակին:
Իսկ օրերս անվանի ցեղասպանագետն իր անձնական գրադարանը նվիրաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Գրադարանը ներառում է շուրջ յոթ հարյուր հատոր ցեղասպանագիտական գրականություն, այդ թվում` տեսական գրականություն, հրեական Ողջակիզմանը և Հայոց ցեղասպանության թեմային առնչվող միավորներ:Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նպատակադրված է այս հարուստ հավաքածուն զետեղել ՀՑԹԻ նոր գրադարանային մասնաշենքում և ի պատիվ Իսրայել Չարնիի բացել առանձին անվանական սենյակ:
Այս նվիրատվությունը ՀՑԹԻ գրադարանին վերջին հինգ տարիների ընթացքում խոշորագույնն է: Այն հնարավորություն կընձեռնի լուրջ գիտական հետազոտություններ իրականացնել ցեղասպանությունների համեմատական ուսումնասիրության ոլորտում: