Տարածաշրջանային

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը կոգեկոչեն Ադանայում

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը կոգեկոչեն Ադանայում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության և 1909 թվականի Ադանայի կոտորածի ժամանակ զոհվածների հիշատակի ոգեկոչման արարողություններ են կայանալու Ադանայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Ադանայի ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսը:

Միջոցառման մասնակիցները ապրիլի 24-ին կհավաքվեն Ադանայի կենտրոնական բանկի առջև: Ադանայի ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Վերջին 100 տարիների ընթացքում այս հողերը շատ ցավ են տեսել: Անատոլիան, որը տարբեր ժողովուրդների խճանկար էր, միատարր ազգ ստեղծելու նպատակով գունազրկվեց, թոշնեց: Սկզբում ոչ մահմեդական ժողովուրդները խմբերով երկրից արտաքսվեցին, նրանցից վերցրին իրենց պատկանող գույքն ու սեփականությունը: Նրանք, ովքեր կարողացան մնալ, բռնի ձուլվեցին, իսկ ասիմիլիացիայի չենթարկվածները մերժվեցին կամ ոչնչացվեցին: Սակայն ամենասարսափելին տեղի ունեցավ այս հողերի ամենահին տերերի` հայ ժողովրդի հետ: 1915 թվականի ապրիլի 24-ից սկսված բնաջնջման գործողությունը հայ ժողովրդին սրի մատնեց: Այս ողբերգական հիշողությունը չմոռանալու և մոռացության չտալու համար Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին մեր բոլոր հայրենակիցներին հրավիրում ենք հարգանքով խոնարհվելու նրանց հիշատակի առջև»:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ տեղի կունենան նաև Ստամբուլում` Թաքսիմի հրապարակում, Անկարայում` Սաքարյա հրապարակում և Իզմիրում` Բասմանե հրապարակում:

Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի մասնաճյուղը ևս «Ընդդեմ ռասիզմի և խտրականության» կազմակերպության հետ համատեղ 2013 թվականի ապրիլի 24-ին կկազմակերպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում