Վրացագետն անհրաժեշտ է համարում Վրաստանում Հայոց Ցեղասպանության իրազեկման արշավների կազմակերպումը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում անհրաժեշտ է Հայոց Ցեղասպանության մասին ճանաչողական տեղեկատվություն տարածել: Այդ մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը:Վրացագետն նշեց, որ Վրաստանում, տարբեր հանգամանքներով պայմանավորված, Հայոց Ցեղասպանության մասին տեղեկատվության պակաս կա: «Մեզ պետք է ինֆորմացիա տարածել, որ Վրաստանում իմանան, թե ինչ է եղել եւ ինչպես է եղել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մելիքյանը: Վրաստանում նույնիսկ նորմալ չգիտեն, թե ինչումն է հայ-ադրբեջանական խնդիրը:Մելիքյանը նշեց, որ վրաց-թուրքական եւ վրաց-ադրբեջանական տնտեսական հարաբերությունները խանգարում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը Վրաստանում: Վրացագետը կարեւորեց հայկական տարբեր կառույցների կողմից Վրաստանում Հայոց Ցեղասպանության ճանաչումը հասունացնելուն ուղղված քայլերը: Ապրիլի 17-ին վրացական «Իրակլի 2-րդ» կազմակերպությունը դիմել էր Վրաստանի կառավարությանը Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու կոչով:
Թուրքիան առաջին համաշխարհայինի տարիներին Արեւմտյան Հայաստանում բնաջնջեց 1,5 միլիոն հայերի, հարյուր հազարավորներին փախստական դարձնելով:Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչել են երկու տասնյակից ավելի պետություններ, միջազգային կառույցներ: