Վլադիմիր Գասպարյանին շնորհվեց ՀՀ անվտանգության մարմինների պատվավոր աշխատակցի կոչում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը բարձր է գնահատում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ նրա գլխավորությամբ ոստիկանության գործունեությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ, շնորհավորելով տոնի առթիվ, Գորիկ Հակոբյանը նկատեց, որ ոստիկանությունը միշտ էլ կանգնած է եղել պետականության ամրապնդման առաջատար դիրքերում: Դիմելով ՀՀ ոստիկանապետին` Հակոբյանն ասաց, որ հարգում է նրան որպես պատվասեր եւ վճռական անձնավորության: «Օր օրի համոզվում եմ, որ իմ կողքին մի անձնավորություն է, ով պատրաստ է ջանք թափել, անձնուրաց օգնել ու աջակցել գործընկերներին: Դուք մարդու այն տեսակն եք, ով կոչված է պատվով, պարտքի զգացմամբ, անձնական օրինակով ոգեշնչել գործընկերներին, վերցնել իր վրա պատասխանատվություն: Ինչպես դուք եք ասում` Աստված Ձեզ պահապան»,- ասաց ԱԱԾ տնօրենը:
ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հրամանով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին շնորհվեց Հայաստանի Հանրապետության անվտանգության մարմինների պատվավոր աշխատակցիկոչում՝ պարգեւատրելով կրծքանշանով եւ արժեքավոր նվերով (սրով): Պարգեւատրվեցին ոստիկանության այլ աշխատակիցներ եւս: Ընդունելով նվերը` Վլադիմիր Գասպարյանը նկատեց, որ պատյանում դրված սուրը խաղաղություն է խորհրդանշում, եւ որ ինքը կողմ է խաղաղությանը:
Ապրիլի 16-ին ոստիկանության 95-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր միջոցառում անցկացվեց: Համակարգի բազմաթիվ ծառայողներ խրախուսական պարգեւների արժանացան: Հանդիսությանը մասնակցեցին ՀՀ ուժային կառույցների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: